
ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստը չկայացավ՝ կառավարության անդամների բացակայության արդյունքում քվորում չապահովելու հետեւանքով։ Այս մասին այսօր՝ ապրիլի 1-ին, ֆեյսբուքյան իր էջում գրել է ԵՊՀ ՈՒԽ նախագահ Դավիթ Ափոյանը:
«Իշխանությունը հերթական անգամ իր վարքագծով ապացուցեց, որ բուհերի կառավարման մարմիններում վերջիններիս ներկայացուցչությունը պայմանավորված է միայն նեղ քաղաքական շահեր սպասարկելով։
Մինչդեռ «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» ՀՀ օրենքի նախագիծը առաջնահերթություն է տալիս հենց վերջիններիս մասնակցության թվի աճին բուհերի հոգաբարձուների խորհուրդների կազմում։
Սա՞ է ձեր պետականամետ մտածողությունը։ Իսկ միգու՞ցե իշխանության ներկայացուցիչների բացակայությունը խորհրդի նիստին պայմանավորված է օրակարգում բուհի մասնաշենքերը վաճառելու հարցի բացակայությամբ:
Հ.Գ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստը չկայացավ՝ կառավարության անդամների բացակայության արդյունքում քվորում չապահովելու հետեւանքով»,- գրել է նա։
Ավելի վաղ ԵՊՀ խոսնակ Գեւորգ Էմին-Տերյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Կառավարությունը եւ ԿԳՄՍ-ն բոյկոտում են ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստը։
Էմին-Տերյանը NEWS.am-ի հետ զրույցում ասել էր, որ նիստին Կառավարությունից եւ ԿԳՄՍՆ-ից ոչ ոք չի մասնակցում։
Նշենք, որ այսօր՝ ժամը 11։00-ին, ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում նախատեսված էր Հոգաբարձուների խորհրդի նիստը՝ օրակարգային 7 հարցով։
Կառավարությունը եւ ԿԳՄՍ-ն բոյկոտում են ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստը. խոսնակ