News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Նախօրեից անորոշ վիճակ է ստեղծվել հայ գերիների վերադարձի հարցի շուրջ։ Նախ՝ տեղեկություն էր տարածվել, որ Բաքվից Երեւան են ժամանելու հայ գերիներ, սակայն ինքնաթիռը վայրէջք կատարեց առանց գերիների։

Նախատեսվում էր արդյո՞ք գերիների վերադարձ, թե՞ ոչ. հայ հասարակությունը շուրջ մեկ օր է սրա պատասխանը դեռ չունի։ Իշխանության ներկայացուցիչներն անընդհատ իրարամերժ տեղեկություններ են հրապարակում։ «Ազատության» հետ զրույցում ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը փորձելով պարզաբանել իրավիճակը, իրականում ավելի է  խորացրել հակասությունները։

«Այդ օրը պայմանավորվածություն եւ գերիների հերթական  խմբի  վերադարձի սպասում չի եղել, ուղղակի հույս է  եղել, ինչպես ամեն օր, որ այդ թռիչքը իր հետ լավ լուր կբերի, եւ ամսի 9–ի հայտարարության համաձայն՝ մենք կկարողանանք գերիներ տեղափոխել Հայաստան, որը տեղեկատվական այս իրավիճակում բավականին մեծ արձագանք ու դժգոհություն է առաջացրել, որն  ընդունելի է։ Հաշվի առնելով, որ  բարձրաստիճան որեւէ պաշտոնյա նման հայտարարություն չի արել, այնուամենայնիվ,  ես համարում եմ, որ մենք պետք է  այդ ապատեղեկատվության համար ներողություն խնդրենք մեր համաքաղաքացիներից եւ ծնողներից, որ  նման ցնցումի ենք ենթարկել նրանց, եւ ինքներս ել ենթարկվել ենք ցնցումների»,- ասել է Ալեն Սիմոնյանը:

 Նշենք, որ մինչ Ալեն Սիմոնյանը պնդում է, որ բարձրաստիճան որեւէ պաշտոնյա նման հայտարարություն չի արել գերիների վերադարձի հետ կապված, նախօրեին եւ՛ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանը, եւ՛ գերիների հարցով զվաղվող՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի  գրասենյակի ներկայացուցիչը՝  նրա մամուլի քարտուղար Նժդեհ Հովսեփյանը,  տարբեր լրատվամիջոցների հետ զրույցում հաստատել են, որ  նախատեսված է գերիների վերադարձ երեկ՝ ապրիլի 8–ին։

«Ինչ վերաբերում է Մանե Գեւորգյանի եւ փոխվարչապետի գրասենյակի.... Մենք մշտապես սպասում եւ ակնկալում ենք, որ այդ չվերթներն  իրենց հետ բերելու են մեր ռազմագերիներին։ Ձեր նշած մարդիկ որեւիցե տեղեկություն չեն ասել եւ չեն հաստատել։ Եղել է դեզինֆորմացիա, եղել է ինֆորմացիոն մի իրավիճակ, որի համար ես ներողություն եմ խնդրում»,– մեկնաբանելով  այս փաստն՝ ասել է ԱԺ փոխխոսնակը։

Իր հերթին,  իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն այսօր առավոտյան լրագրողների հետ զրույցում հաստատել է, որ ռուս խաղաղապահ ուժերի  հրամանատար Ռուստամ Մուրադովը նախօրեին Բաքու էր մեկնել  հայ գերիներին Հայաստան ուղեկցելու նպատակով։  Նրա խոսքով՝ եղել է պայմանավորվածություն, որը խախտվել է։

 Անդրադառնալով Անդրանիկ Քոչարյանի ասածին, Ալեն Սիմոնյանն ասել է.

«Անդրանիկ Քոչարյանի ասածը ես կմեկնաբանեմ հետեւյալ ձեւով, որ խոսքը նոյեմբերի 9–ի հայտարարության  8–րդ կետի մասին է, որով նախատեսվում է բոլոր պահվող անձանց վերադարձը»։

Հիշեցնենք, որ Ռուստամ Մուրադովը  «Հրապարակի» հետ զրույցում ասել է, որ գերիներին վերադարձնելու պայմանավորվածություն նախօրեին չի եղել եւ տարածված տեղեկությունը պրովոկացիա է՝ բնակչությանը մոլորեցնելու նպատակով։

«Որեւիցե տրամաբանություն նույն Մուրադովի աշխատանքի ընթացքում գերիների վերադարձի եւ քանակի պարագայում ո՛չ կա, ո՛չ էլ կարող է լինել, ուստի ինչ-որ հղումներ անել այս կամ այն պաշտոնյայի վրա, կամ իրավիճակի վրա ճիշտ չէ։ Ես դիտել եմ պարոն Մուրադովի արձագանքը, կարծում եմ, որ թե՛ պարոն Մուրադովը, թե՛ մենք,  պետք է զբաղվենք մի բանով՝ նոյեմբերի 9–ի, Ռուսաստանի եւ մյուս երկու պետությունների ղեկավարների կողմից ստորագրված փաստաթղթի 8–րդ կետի  իրագործմամբ,  որը մինչ օրս տեղի չի ունեցել»,– ասել է Ալեն Սիմոնյանը։

Գերիների վերադարձի մասին  տեղեկությունը ստանալուց հետո, «Էրեբունի»  օդանավակայան շտապած գերիների հարազատները վրդովված են, նրանց մի մասը փակել է Երեւան–Գյումրի ճանապարհը, երկաթգիծը, մյուսներն էլ միացել են  նախօրեից ՊՆ շենքի մուտքերը փակած՝ անհետ կորածների հարազատներին։

 «Լրիվ ընդունելի եմ համարում մարդկանց վրդովմունքը , ինքս էլ վրդովված եմ, բայց  պետք է հասկանանք, որ այս ամենը Ադրբեջանի կողմից  արվում է հենց այդ վրդովմունքը, հենց այդ իրավիճակը ՀՀ –ում խորացնելու համար։ Նաեւ նախընտրական այս իրավիճակի վրա ազդեցություն ունենալու համար, վստահ եմ, որ հիմա  շահարկումներ են գնում, տարբեր լրատվամիջոցներով իմ գործընկերները  սա փորձում են շահարկել»,– նշել է ԱԺ փոխխոսնակը։

Ի դեպ, առաջինը գերիների վերադարձի լուրը հաղորդել է freenews.am-ը, որտեղ խմբագիր է աշխատում ԱԺ փոխխոսնակի կինը՝ Մարիամ Մարգարյանը։  Ավելին՝ Մարիամ Մարգարյանը ֆեյսբուքում  կիսվել էր այդ նյութով եւ նույնիսկ թեգ արել եւ գովաբանել նյութի հեղինակ լրագրողին։

 Ավելի ուշ Մարիամ Մարգարյանն այդ գրառումն իր էջից ջնջել էր։

Տպել
Ամենաշատ