200 տղամարդ եւ կին կամավորներ մերկացել եւ սպիտակ ներկով ներկել են իրենց մարմինները գեղարվեստական ինստալյացիայի համար, որը նախատեսված է ուշադրություն հրավիրել Մեռյալ ծովի ցամաքելու վրա, հաղորդում է AP-ն:
Նրանց լուսանկարել է ամերիկացի Սփենսեր Թունիքը, ով նման ինստալյացիաներ է արել աշխարհի այլ էկզոտիկ վայրերում: Նկարահանումները կազմակերպել է Իսրայելի զբոսաշրջության նախարարությունը:
«Այցը Իսրայել մեծ փորձ էր ինձ համար, եւ ես միշտ ուրախ եմ վերադառնալ այստեղ եւ լուսանկարել Մերձավոր Արեւելքի միակ երկրում, որտեղ թույլատրվում է այսպիսի արվեստը»,- ասել է Թունիքը:
Կամավորները հավաքվել են կիրակի վաղ առավոտյան: Նրանք մերկացել եւ իրենց մարմիններին սպիտակ ներկ են քսել՝ Իսրայելի Արադ քաղաքի մոտակայքում գտնվող անապատում: Նկարահանումը տեւել է մոտ երեք ժամ:
Կազմակերպիչները հույս ունեն, որ ինստալյացիան ուշադրություն կհրավիրի Մեռյալ ծովի պահպանման կարեւորության վրա: Երկրագնդի ամենացածր կետում գտնվող աղի ջրավազանը վերջին տասնամյակներում անշեղորեն նվազում է, քանի որ Իսրայելը եւ նրա հարեւանները ջրի աղբյուրներն ուղղում են հոսանքով դեպի վեր՝ գյուղատնտեսական նպատակներով:
Զբոսաշրջության նախարարությունը հույս է հայտնել, որ գեղարվեստական ինստալյացիան կգրավի այցելուներին այդ տարածք: Կորոնավիրուսային համաճարակի բռնկումից հետո Իսրայելը հիմնականում փակ է օտարերկրյա ճանապարհորդների համար, բայց աստիճանաբար սկսել է բացվել պատվաստված այցելուների համար, քանի որ վարակները նվազում են: