News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանի կառավարությունը պետք է անկեղծորեն ընդունի, որ երկրում կայացած չէ գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական (ԳՀՓԿ) պատվերի ինստիտուտը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Գիտուժ» նախաձեռնության անդամ, կրիպտոգրաֆեր, Firo ընկերության համահիմնադիր-գիտնական Արամ Ջիվանյանը։

Նա նշեց, որ կառավարությունը քննադատության է արժանի ոչ այն բանի համար, որ այդ ինստիտուտը կայացած չէ, այլ այդ ինստիտուտի կայացմանն ուղղված քայլերը դանդաղեցնելու համար։ Ըստ գիտնականի, խնդրի ձևակերպումը լուծման առաջին քայլն է։ «Պետությունն այդ խնդիրը պետք է ձևակերպի, դա մեկ, ու հետո սկսի քայլեր անել այդ ուղղությամբ։ Բավական ակնառու, պարզ քայլեր կան։ Գուցե կարելի է գույքագրել մեր գիտական պոտենցիալը ու սկսել թեկուզ փոքր, բայց ռեալ պատվերներ տալ այդ ինստիուտներին», - ասաց նա։

Արամ Ջիվանյանն ընդծեց, որ զարգացած ԳՀՓԿ համակարգ ունենալու վերջնանպատակը՝  երկրի  տարբեր անվտանգային  (տնտեսական, սոցիալական, պաշտպանական) խնդիրների լուծումն է։ Այդ համակարգը կառուցելու առաջին պարտադիր քայլը ֆինանսավորման ավելացումն էր, որը տեղի ունեցավ այդ թվում և «Գիտուժ» նախաձեռնության ջանքերով։ Երկրորդ քայլը պետք է լինի պետության կողմից պատվերի ձևավորումը՝ գիտական ինստիտուտների ու պետության միջև համագործակցության գործընթաց սկսելու և համակարգը պետական կարիքներին ծառայեցնելու համար։

«Թե չէ պետությունը հատկացնում է գումար, տարվա վերջում զարմացած հայտնաբերում է, որ գումարները չեն ծախսվել։ Իսկ մյուս տարի ի՞նչ ենք անելու, գումարը չե՞նք հատկացնելու, թե՞ կանգնելու ենք նույն կոտրած տաշտակի առաջ։ Պիտի գիտակցենք, որ իրականում խնդիրները շատ ավելի խորքային են։ Անելիք ունեն բոլոր կողմերը, բայց ամենաշատը՝ պետությունը։ Այն պետք է աճեցնի այդ ունակությունները», - ասաց նա։

Նշենք, որ նախորդ և ընթացիկ տարում ԲՏԱ նախարարության «Պաշտպանության բնագավառում գիտական և գիտատեխնիկական նպատակային հետազոտություններ» ծրագրին հատկացված գումարներից երկու անգամ կրճատում է արվել, քանի որ կայացած մրցույթների արդյունքում այդ գումարները չեն ծախսվել։ Արամ Ջիվանյանի կարծիքով, ԳՀՓԿ ոլորտում ֆինանսավորման տրամադրման ձևը պետք է փոխել, դարձնել այն ավելի ազատական և ռիսկային։ Ըստ նրա, այդպես է զարգանում ինովացիոն բիզնեսն ամբողջ աշխարհում՝ վենչուրային հիմնադրամները ռիսկային ներդրումներ են կատարում ստարտափերի մեջ, որոնցից 10-ից 8-ը ձախողում են, բայց երկուսի հաջողումը առաջ է տանում ամբողջ ինդուստրիաներ։

«Այս փուլում, այս սկզբնական երկու-երեք տարվա համար պետք է հստակ ձևակերպել, թե ո՞րն է նպատակը՝ կարևոր է վերջնարդյո՞ւնքը, թե՞ ոչ պակաս կարևոր է ունակ խմբերի ձևավորումը։ Պետք է այդ խմբերը աճեցնել, սա՛ է համար մեկ խնդիրը։ Անհրաժեշտ  է ոլորտի ռիսկային, ագրեսիվ խթանում։ Թե չէ փողը տալիս են, հետո ասում են՝ չծախսվեց։ Նույն բանակի հարցում կարո՞ղ ենք ասել՝ եկեք բոլորի աշխատավարձը 10 անգամ բարձրացնենք ու կունենանք ամենամարտունակ բանակը։ Չի լինի, չէ՞։ Փողը շատ կարևոր է, բայց դա առաջին քայլն է, ոչ՝ վերջինը», - ասաց նա։

Արամ Ջիվանյանի գնահատմամբ, հաջորդ ամենակարևոր կետը, որը պետք է շեշտադրել, ԳՀՓԿ համակարգի զարգացման ռազմավարության, և դրանից բխող առաջնահերթությունների բացակայությունն է։ «Առանց քարտեզի բաց ծովում  նավարկելն անիմաստ է։ Կարող է այս ու կողմ թիավարես, բախտդ բերի, մի տեղ հասնեն, բայց մեծ հավանականությամբ ոչ մի տեղ չես հասնի», - նշեց նա։

Օրինակ, ըստ նրա, եթե գիտակցում ենք, որ 15-20 տարում կենսաինֆորմատիկան մեծ ինդուստրիա է դառնալու, ապա մոտակա երկու-երեք տարվա խնդիրը պետք է լինի այդ ոլորտում առավելագույն մարդկային կապիտալ ձևավորելու պրոցեսների խթանումը։ Պետք է խթանել այդ ուղղությամբ գիտնականների հոսքը, միջազգային մրցունակ մասնագետների պատրաստումը, այլ ոչ, ասենք, ինչ-որ կոնկրետ հիվանդության բուժման լուծումներ պահանջել։

«Այսինքն, պետք է գնալ շերտ առ շերտ, սկզբում երիտասարդներին ուղղորդել դեպի գիտություն, խթանել մրցունակ մասնագետների կայացման պրոցեսը, հետո նոր ավելի թիրախային խնդիրներ դնել», - ասաց նա։

Արամ Ջիվանյանը նշեց նաև, որ շատ կարևոր է գիտությանը, ԳՀՓԿ ոլորտին հատկացվող գումարները օրենսդրորեն ամրագրել, քանի որ դա կնպաստի ոլորտում վստահության ձևավորմանը։

«Այդ վստահության չափով շարժվելու են մնացած գործընթացները։ եթե վստահությունը քիչ լինի, շարժումը դանդաղ կլինի։ Հիմա սփյուռքի գիտնականները տեսնում են, որ գործում է հայրենադարձության լավ ծրագիր, բայց մտածում են՝ հաջորդ տարի այն կգործի՞, թե՞՝ ոչ», - ասաց նա, հավելելով, որ արտերկրում հետբուհական կրթություն ստացողները պետք է վստահ լինեն, որ 6 տարի հետո այդ նույն լավ ծրագիրը գործելու է։

Հիշեցնենք, որ «Գիտուժ» նախաձեռնության պահանջներից մեկն է, աստիճանաբար աճեցելով, գիտության համար հատկացումները հասցնել ՀՆԱ-ի 1%-ին, և դա ամրագրել համապատասխան օրենքում։

Ըստ Արամ Ջիվանյանի, հաշվարկված է, որ զարգացման տանող մինիմալ շեմը ՀՆԱ-ի մեկ տոկոսն է։ «Իդեալականն այն է, երբ համակարգն այնպես է աշխատում, որ այդ ներդրված գումարները հետ են գալիս, և այդ դեպքում կարելի է ԳՀՓԿ ֆինանսավորումը հասցնել ՀՆԱ-ի 2-4 տոկոսի։ Բայց 15-20 տարում դրան հասնելու նպատակով գոնե մոտակա 5 տարվա համար պետք է նվազագույնը 1 տոկոսն ամրագրել ու գործընթացներն օպտիմալացնել», - ասաց նա։

Տպել
Ամենաշատ