News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Սեպտեմբերի 21–ին ուժեղ քամու հետեւանքով «Սուրմալու» առեւտրի կենտրոնի վնասված շինության պատի փլուզման դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով տուժող է ճանաչվել  4 անձ։ Նրանցից երեքը փլուզման հետեւանքով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել, չորրորդ քաղաքացու էլ գույքն է վնասել։ Այս մասին NEWS.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են  Քննչական կոմիտեից։

ՔԿ–ն հայտնում է, որ քրեական վարույթը նախաձեռնվել է ՀՀ ՔՕ 412–րդ հոդվածի 1–ին մասի հատկանիշներով (իրացնելու նպատակով մարդու կյանքի կամ առողջության անվտանգության պահանջներին չհամապատասխանող հումք կամ ապրանք պատրաստելը, պահելը, փոխադրելը, առաքելը, ձեռք բերելը կամ դրանք իրացնելը կամ այդպիսի աշխատանք կատարելը կամ ծառայություն մատուցելը, եթե այդ արարքն անզգուշությամբ մարդու առողջությանը միջին կամ թեթեւ ծանրության վնաս է պատճառել)։ 

«Փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ դեպքի հետեւանքով գույքային վնասներ են պատճառվել նաեւ այլ քաղաքացիների, որոնց կենսաչափական ամբողջական տվյալները պարզելու նպատակով իրականացվում են համապատասխան գործողություններ՝ բոլոր անձանց հայտնաբերելու, վարույթի մասնավոր մասնակից ճանաչելու եւ նրանց մասնակցությամբ համապատասխան քննչական գործողություններ կատարելու նպատակով, իսկ քրեական վարույթի ներկա փուլում որեւէ անձի նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվում»,– ասվում է Քննչական կոմիտեի պատասխանում։

Վնասված շինության պատի փլուզման դեպքի օրը, ԱԻՆ մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը, լրագրողների հետ զրույցում ասել էր, որ սեպտեմբերի 2-ին ԱԻՆ Սեյսմիկ ծառայությունն իրականացրել է «Սուրմալու» առեւտրի տարածքի զննություն, արձանագրվել են մի շարք խնդիրներ։ Սեյսմիկ ծառայության ամփոփիչ արձանագրությունն ուղարկվել էր չորս գերատեսչության՝ Երեւանի քաղաքապետարան, Ոստիկանություն, Քննչական կոմիտե եւ Քաղաքաշինության կոմիտե։

ԱԻՆ–ն առաջարկել է «Սուրմալու» առեւտրի կենտրոնի տարածքում փլուզված եւ կիսափլուզված շենքերի շուրջը ստեղծել անվտանգության գոտի եւ արգելել մարդկանց մուտքն ու ելքը:

NEWS.am-ը Քննչական կոմիտեից հետաքրքրվել է նաեւ, թե ի՞նչ քայլեր է ձեռնարկվել շենքի ապամոնտաժման եւ դրա շուրջ անվտանգության գոտի ստեղծելու ուղղությամբ։ ՔԿ–ն պատասխանել է, որ դրանք վերաբերելի են օգոստոսի 14–ին «Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթին, որի նախաքննության առաջին իսկ օրերին ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին  հանձնարարվել է իրականացնել դեպքի վայրի եւ հարակից օբյեկտների շուրջօրյա պահպանություն, ինչպես նաեւ կողմնակի անձանց  մուտքն ու ելքը բացառելու նպատակով հսկողության սահմանում, իսկ շենքի ապամոնտաժման գործընթացին վերաբերող ցանկացած գործողություն դուրս է Քննչական կոմիտեին օրենքով վերապահված լիազորություններից։

Հարցին, թե Քննչական կոմիտեն առեւտրի կենտրոնի տնօրինությանը (վնասված շինության պատի փլուզումից առաջ) գրավոր տեղեկացրե՞լ է, որ տարածքում քննչական գործողություններն ավարտվել են, եւ տնօրինությունը, կարող է, օրինակ, ապամոնտաժել պայթյունի հետեւանքով վնասված շինությունը, ՔԿ–ն նշել է, որ դեպքի վայրում քննչական, ապացուցողական ու վարույթային գործողությունները ավարտելուց հետո օրենքով սահմանված կարգով այդ մասին տեղեկացրել է իրավասու մարմիններին։

Ոստիկանությունից NEWS.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնում են, որ օգոստոսի 14-ին «Սուրմալու» առեւտրի կենտրոնի տարածքում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով փլուզված եւ կիսափլուզված շենքերի շուրջ ի սկզբանե ստեղծվել է անվտանգության գոտի եւ մինչ օրս ոստիկանության ծառայողների կողմից շարունակվում է իրականացվել անվտանգության ապահովման շուրջօրյա հերթապահություն։

«Բացի այդ, անվտանգության նկատառումներից ելնելով, Երեւանի Քրիստափորի փողոցի երթեւեկելի հատվածում ավտոմեքենաների երթեւեկությունը կազմակերպվել է մեկ ուղղությամբ:

Ինչ վերաբերվում է այն հարցին, թե ոստիկանության կողմից ինչ քայլեր են ձեռնարկվել շենքն ապամոնտաժելու ուղղությամբ, ապա նշենք, որ ոստիկանությունն իրավասու չէ իրականացնել ապամոնտաժման աշխատանքներ»,– փոխանցում են ոստիկանությունից։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ըստ ԱԱԾ-ի՝ Եվրամիության դիտորդների գործունեության համար խոչընդոտներ չկան
Այս հարցը ի հայտ եկավ սահմանային վերջին լարվածությունից հետո, երբ ադրբեջանական կրակոցներից Սյունիքում հայկական կողմը 4 զոհ ու մեկ վիրավոր…
«Սուրմալու»-ի պայթյունի գործով նիստին տուժողները կներկայացնեն գույքային հայցեր․ նիստը հետաձգվեց
Ողբերգական պայթյունի գործով դատական նիստը հետաձգվեց․․․
«Սուրմալու»-ի պայթյունի գործով նախագահող դատավորը արգելում է ԶԼՄ-ներին ուղիղ հեռարձակում իրականացնել
Դատական նիստին արգելվեց ԶԼՄ-ներին՝ ուղիղ հեռարձակում իրականացնել…
Մեկնարկել է «Սուրմալու»-ի պայթյունի գործով նախնական դատական նիստը
Ամբաստանյալի կարգավիճակում է 3 անձ՝ Վահագն Հովհաննիսյանը, Գարիկ Վարդանյանը եւ Մհեր Մարգարյանը...
«Սուրմալու»-ի պայթյունի գործը դատարանում է. հայտնի է, թե որ դատարավորն է քննելու
Գործը մտել է դատարան...
«Փորձում են գործը կոծկել». «Սուրմալուի» պայթյունից շուրջ 1 տարի է անցել. զոհերի հարազատները դժգոհ են գործի քննությունից
Ոչ մի արդյունք չունենք...
Ամենաշատ