Նոյեմբերյանի քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հերքեց մամուլում տարածված տեղեկությունները, որ իր որդին աղջիկ է բռնաբարել: «Ոչ մի բան էլ չի եղել, ես այդ հարցերին չեմ կարող պատասխանել: Ժամանակավրեպ է, ոչ մի բռնաբարության մասին խոսք չկա»,- նշեց նա: Երբ հետաքրքրվեցինք, թե քանի տարեկան է նրա որդին, նա բարկացած արձագանքեց. «Հիմա քննի՞չ ես գլխիս»,- ասաց քաղաքապետը եւ անջատեց հեռախոսը:
Երկրորդ անգամ զանգահարեցինք, բայց նա էլի բարկացած արձագանքեց. «Ոնց հարմար ես գտնում, նենց էլ արա, ես ասելիք չունեմ»: Հարցին, թե ինչո՞վ եք բացատրում է, որ քննիչն ասել է, որ մեկը քաղաքապետի որդին է, մյուսը` ոստիկանի, նա արձագանքեց. «Գնա քննիչին հարցրու, ինձանից ինչ ես ուզում»:
Նշենք, որ ոստիկանությունից խոստացան ավելի ուշ հայտնել, թե այդ գործով հարցաքննվածներ, կասկածյալներ եւ վկաներ կա՞ն, թե` ոչ:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Նոյեմբերյանում անչափահասի բռնաբարության դեպք է գրանցվել: Սեպտեմբերի 2-ին 17-ամյա աղջկա բռնաբարության դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել ՀՀ քր.օր.-ի 138 (Բռնաբարություն) հոդվածի հատկանիշներով: Նշանակվել են մի շարք փորձաքննություններ: Ձերբակալվածներ կամ կալանավորվածներ չկան, ընթանում է նախաքննություն: Մինչդեռ «Հետքի» տեղեկություններով, 17-ամյա Լ.Ն.-ին բռնաբարել են երեք 17-ամյա երիտասարդ, որոնցից մեկը Նոյեմբերյանի քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանի որդին է, իսկ երկրորդը` ոստիկանության աշխատակիցներից մեկի որդին:
Նոյեմբերյանի ոստիկանության քննչական բաժանմունքի պետ Գագիկ Նասիբյանը ասել էր, որ այս պահի դրությամբ բռնության հետքեր չկան եւ պետք է սպասել, թե փորձաքննությունների եզրակացությունները ոնց կլինեն: «Հայկական ժամանակ» օրաթերթի հարցին, թե երիտասարդներից մեկը, որոնց դեմ ցուցմունք է տվել աղջիկը, Նոյեմբերյանի քաղաքապետի որդին է, քննիչը պատասխանել է. «Հա, մեկը քաղաքապետի որդին է, մեկը ոստիկանի որդի է: Ես դրանից ոչ մի կաշկանդվածություն չունեմ: Բացարձակ»: Ինչ վերաբերում է նրա վրա ճնշումներին, ապա քննիչը նշել է. «Ո՞վ կարա ճնշի: 29 տարվա քննիչ եմ, չեն կարա ճնշեն: Պրոբլեմ չունեմ ես: Մեկ է, ոնց ուզեմ` պետք է բռնեմ, ճիշտը պետք է իմանամ: Ճիշտը, ճիշտը, ճիշտը»:



























