Երեւանում, սեպտեմբերի 25-28-ին, Տերյան-62 շենքի բակում տեղի է ունեցել հերթական ապօրինի ծառահատումը: Արդյունքում, ըստ շենքի բնակիչների, հատվել է 16 ծառ, հաղորդում է «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ-ն:Մտահոգված լինելով տեղի ունեցածով` բնակիչներն անմիջապես դիմել են Երեւանի քաղաքապետարան, ոստիկանություն եւ ծառահատումը արձանագրվել է պատկան մարմինների կողմից:
Քաջ գիտակցելով ծառահատման նպատակային բնույթը, որը բնակիչների կարծիքով ուղղված է քաղաքի կենտրոնում բակային տարածքի եւ կանաչ գոտու հաշվին հերթական շինությունը կառուցելուն` դիմել են «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիային», հարցի մասին բարձրաձայնելու եւ պատկան մարմինների ուշադրությունը գրավելու հարցում աջակցության խնդրանքով:
Հաշվի առնելով Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի որդեգրած քաղաքականությունը Երեւանի կանաչ տարածքների հաշվին շինությունների կառուցման անթույլատրելիության մասին` «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիան» դիմում է Երեւանի քաղաքապետ պարոն Կարեն Կարապետյանին` խնդրելով շուտափույթ բացահայտել եւ պատժել մեղավորներին: Ինչպես նաեւ ծառահատումն իրականացարած անձանց մոտ անպատժելիության զգացողությունը փարատելու նպատակով` հայտնել քաղաքապետարանի դիրքորոշումը այդ տարածքում շինության հնարավոր կառուցման վերաբերյալ:




























