News
Լրահոս
News
Շաբաթ
Սեպտեմբեր 30
USD
393.4
EUR
417.4
RUB
4.02
Տեսնել լրահոսը

Օրերս լույս տեսավ ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի «Դատական փորձաքննության և քրեագիտության հայկական հանդես» գիտական պարբերականի հերթական համարը։ Եռալեզու պարբերականում ներկայացված են դատական փորձաքննության զարգացման արդիական ուղղություններին, ինչպես նաև հետազոտությունների կիրառական նշանակությանը վերաբերող հոդվածներ։ ՀՀ-ում թողարկվող դատափորձագիտական ոլորտի միակ գիտական պարբերականի, փորձագետին ներկայացվող պահանջների, գիտականորեն հիմնավորված փորձագիտական արդյունքների ստացման և այլ հարցերի շուրջ NEWS.am-ը զրուցել է ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի գիտական հետազոտությունների և տեխնիկական փորձարկումների համակարգման բաժնի պետ, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Կարեն Մամիկոնյանի հետ։

-Պարոն Մամիկոնյան, ներկայումս որքանո՞վ է արդիական դատափորձագիտական ոլորտի գիտական պարբերականի հրատարակումը:

-2019 թվականին հիմնադրված «Դատական փորձաքննության և քրեագիտության հայկական հանդես» գիտական պարբերականի թողարկումը կարևոր նշանակություն ունի ինչպես ոլորտի միասնական գիտական հարթակի ձևավորման, այնպես էլ հետազոտությունների իրականացման գիտականորեն հիմնավորված միատեսակ մեթոդաբանության մշակման և կիրառման, նաև ոլորտի գիտահեն զարգացման տեսանկյունից։ Կարևոր եմ համարում ընդգծել, որ վերջին մեկուկես տարվա ընթացքում պարբերականում հրատարակված բոլոր գիտական հոդվածները ստացել են DOI միջազգային թվային նույնականացուցիչ, որն այսօր հանդիսանում է գիտական ոլորտում թվային տվյալների փոխանակման գործուն համակարգ: Միջազգային սերտ համագործակցության արդյունքում պարբերականի խմբագրական խորհրդին հաջողվել է գիտական հանդեսը հասանելի և ճանաչելի դարձնել աշխարհի մի շարք երկրների դատափորձագիտական համայնքներում։ Արդյունքում եռալեզու պարբերականում կարելի է գտնել աշխարհի մեկ տասնյակից ավելի երկրների գործընկեր կառույցների առաջատար մասնագետների գիտական հետազոտությունների արդյունքները՝ հոդվածները։

- Ի՞նչ նշանակություն ունի «հատուկ գիտելիքների» կիրառումը մինչդատական վարույթում և դատական քննության փուլում՝ փորձաքննությունների կատարման որակի ապահովման տեսանկյունից։

- Ներկայումս փորձագիտական հանրույթի կողմից դատական փորձագետի գիտական հետազոտական աշխատանք կատարելու փորձառության պահանջի վերաբերյալ ներկայացվող դատողությունները բավականին արդիական են դարձել այն իմաստով, որ օրենսդրական պահանջից ելնելով նախ պետք է հավաստվի, որ փորձագիտական գործունեությամբ զբաղվող անձը տիրապետում է կոնկրետ բնագավառի բավարար «հատուկ գիտելիքների»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված են փորձագետի վերաբերյալ հետևյալ պահանջները.

«1. Փորձագետը վարույթի առարկայով չշահագրգռված այն անձն է, որը հատուկ գիտելիքների կամ հմտությունների օգտագործմամբ օժանդակում է վարույթին՝….

  1. Փորձագետը պետք է տիրապետի գիտության, տեխնիկայի, արվեստի, արհեստի կամ այլ բնագավառի բավարար հատուկ գիտելիքների»):

Իսկ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի համաձայն.

«1. Որպես փորձագետ կարող է հանդես գալ համապատասխան կրթություն, ունակություն, հմտություն կամ փորձ, իսկ օրենքով նախատեսված դեպքում` նաև որակավորում (թույլտվություն, լիցենզիա, արտոնագիր և այլն) ունեցող գործունակ ֆիզիկական անձը»:

Նախ պետք է այստեղ ամրագրել հետևյալ միտքը. հատուկ գիտե­լիքների ամենաբնորոշ և առաջնային հատկանիշը՝ նրանց կապն է գիտության հետ: «Հատուկ գիտելիքը» մասնագիտական գիտելիքների, ունակությունների և հմտությունների ամբողջություն է, որը ձեռք է բերվել լրացուցիչ կրթություն և որակավորում անցնելու միջոցով և ամրապնդվել աշխատանքային փորձի ընթացքում, համահունչ է գիտության, տեխնիկայի, արվեստի, արհեստի կամ այլ բնագավառի զարգացվածության աստիճանին, որը բավարար է կոնկրետ տեսակի փորձագիտական գործունեության իրականացման համար:

Դատական փորձագետ նշանակված անձին ոչ միայն «փորձագիտություն» մասնագիտության անհրաժեշտ գիտելիքներ են պետք, այլև կոնկրետ բնագավառում հետազոտություններ կատարելու և արդյունքների ճշգրիտ վերլուծության փորձառություն և գիտելիքներ՝ առաջադրված հարցերին հիմնավորված և պատճառաբանված պատասխաններ տալու, այսինքն դրված խնդիրներին գիտականորեն հիմնավորված լուծումները գտնելու ունակություններ: Ընդ որում, հատուկ գիտելիքները իրավագիտության բնագավառից դուրս, ուսումնական ծրագրային մակարդակից բարձր համարվող գիտելիքներ են, որոնք կիրառվում են փորձագիտական բնագավառում քրեական, քաղաքացիական և վարչական դատավարության օրենսգրքերի  շրջանակներում ապացուցողական նշանակություն ունեցող տվյալների ձեռք բերման նպատակով:

- Փորձագիտական հետազոտությունը պրոֆեսիոնալիզմի դրսևորման առումով արդյոք համարվու՞մ է գիտական հետազոտության յուրահատուկ տեսակ, թե՞ այն փորձագետի կողմից իրականացվող զուտ մասնագիտական գործունեություն է, որն ունի ընդամենը նախաձեռնողի կողմից առաջադրված որոշակի ոլորտային հարցերին պատասխանելու նպատակ:

-Ըստ տեսության՝ գիտական հետազոտության կենտրոնական խնդիրը կայանում է հիպոթեզների, այն է՝ որպես ցանկացած խնդրի հնարավոր լուծման գաղափարի առաջադրման և դրանց լուծումներ տալու մեջ: Նույն սկզբունքն առաջ է քաշված նաև փորձագիտական հետազոտությունների դեպքում: Փորձաքննության նպատակը, համաձայն ՀՀ օրենսդրության, վարույթի համար նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար անհրաժեշտ գիտության, տեխնիկայի, արվեստի, արհեստի կամ այլ բնագավառում, այդ թվում` համապատասխան հետազոտությունների մեթոդիկայի բնագավառում հատուկ գիտելիքների կիրառմամբ փորձաքննության կատարումն է: Խնդիրները սովորաբար ներկայացվում են՝ ուսումնասիրել, պարզել, որոշել, բացահայտել, հաստատել, նշել, նկարագրել, համեմատել, իրականացնել և այլ տերմինների կիրառմամբ առաջադրված հարցադրումների ձևակերպմամբ:

Այդուհանդերձ, գիտական հետազոտության և դատական փորձագիտական հետազոտության կազմակերպման գործընթացների քայլերում (այժմեականության հիմնավորում, նպատակի, խնդրի սահմանում, օբյեկտը և առարկան, կիրառվող մեթոդների ընտրություն, գործընթացի նկարագրություն, հետևությունների ձևակերպում և եզրահանգում) համեմատականներ տանելու պարագայում պարզորոշ կերպով դիտելի է, որ այդ գործընթացների իրականացման համապատասխան քայլերի բնորոշումներում իմաստային առումով գրեթե նույնական սկզբունքներ և մոտեցումներ են ներմուծված:

-Փորձաքննություն նախաձեռնողի կողմից հաճախ դատական փորձագետին առաջադրվում են այնպիսի հարցեր, որոնց հիմնավոր պատասխաններ տալու համար բավարար չեն ուսումնական ծրագրային մակարդակի մասնագիտական գիտելիքները։ Ի՞նչ հմտությունների պետք է տիրապետի փորձագետը՝ գիտականորեն հիմնավորված փորձագիտական արդյունքներ ապահովելու համար։

-Փորձագիտական գործունեության ապահովման ուղղությամբ գիտական ​​հետազոտությունների հիմնական նպատակն է  որոնել խնդիրների լուծման արդյունավետ ուղիներ, հիմնել մեթոդներ, մշակել և ներդնել մեթոդական մոտեցումներ ու սկզբունքներ, հայտնաբերել օրինաչափություններ և վերլուծել երևույթներ, զարգացնել տեսություններ, ընդլայնել գիտելիքներ, հերքել արդյունքներ և այլն: Այսինքն, գիտական հետազոտական աշխատանքը դիտվում է որպես անհատի կողմից իրականացվող ստեղծագործական բնույթի աշխատանք՝  նպատակաուղղված նոր գիտելիքների և հմտությունների ձեռքբերմանն ու ամրապնդմանը:

Այսպիսով, եթե ընդհանրացնելու լինենք, ապա գիտական հետազոտության և դատական փորձագիտական հետազոտության գործընթացների բնորոշումներում նույն ուղենիշն է ներդրված, հիմքում՝ գիտական հետազոտության ողջ ընթացքին ներկայացվող տրամաբանական քայլերն են և ՀՀ օրենսդրությամբ փորձագետի և փորձաքննության կատարման մասով սահմանված առանձին դրույթների պահանջները, որոնց պետք է տիրապետի և ղեկավարվի փորձագիտական գործունեություն իրականացնող յուրաքանչյուր անձ։

Նշվածներից հետևում է, որ բացի բավարար «հատուկ գիտելիքների» տիրապետելուց, նաև ունակությունից, հմտությունից և փորձից զատ, ՀՀ-ում դատափորձագիտական ոլորտի գիտահեն զարգացման ապահովման նպատակով անհրաժաշտ է, որպեսզի դատական փորձագետները զբաղվեն գիտությամբ, կատարեն կիրառական նշանակություն ունեցող, արդյունքներ ակնկալող գիտական հետազոտություններ, որն էլ էականորեն կնպաստի անցկացվող դատական փորձաքննությունների արժանահավատ արդյունքների ապահովմանը և ըստ այդմ, դրանց որակի բարձրացմանը։  

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ