
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը (Արցախ) դադարում է գոյություն ունենալ 2024 թվականի հունվարի 1-ից: Այս մասին ասվումէ նախագահի հրամանագրում, բայց Հայաստանի իշխանամետ պատգամավորների կողմից Արցախի կործանման «մեղավոր» հայտարարված է Սամվել Շահրամանյանը։ Ողբերգությանը նախորդել է 2020 թվականի 44-օրյա պատերազմը, նոյեմբերի 9-ի բավական երկիմաստ փաստաթուղթը եւ շատ երերուն իրավիճակը։ Սակայն փխրուն հավասարակշռությունը խախտող գլխավոր տարրը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն էր՝ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ճանաչելու մասին: Ինչպես պնդում են որոշ լրատվամիջոցներ եւ քաղաքագետներ, ԼՂ-ն ԱՀ-ի կազմում ճանաչելու հարցը «լուծվել է» դեռեւս 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում Փաշինյանի եւ Ալիեւի հանդիպման ժամանակ։
Հանրությանը ներկայացված հայտարարությունն այլ բովանդակությամբ էր։ «Հայաստանն ու Ադրբեջանը վերահաստատել են իրենց հավատարմությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը եւ 1991թ.Ալմա Աթայի հռչակագրին, որով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Նրանք հաստատեցին, որ դա հիմք կհանդիսանա սահմանազատման հանձնաժողովների աշխատանքի համար, եւ որ այդ հանձնաժողովների հաջորդ նիստը տեղի կունենա Բրյուսելում մինչեւ հոկտեմբերի վերջ»,-ասվում է հայտարարության մեջ։ Ադրբեջանի կազմում Լեռնային Ղարաբաղի ճանաչման մասին ոչ մի խոսք չկա։ Մարտին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Փաշինյանը խուսափեց ուղիղ պատասխանել Արցախի՝ Ադրբեջանի կազմում ճանաչման մասին հարցին։ Իսկ արդեն մայիսի 22-ին մամուլի ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով NEWS.am-ի հարցին այն մասին, որ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ 86 600 քառակուսի կիլոմետր տարածքով, այն ներառո՞ւմ է Արցախը, թե՞՝ ոչ, Փաշինյանը դրական պատասխանեց․ «86 600 քառ. կմ, որը ներառում է նաեւ Լեռնային Ղարաբաղը»։
Ընդ որում, որպես Արցախի «ճանաչման» հիմնավորում Ադրբեջանի կազմում նշվում է 1991 թվականի դեկտեմբերի 21-ին Ալմա Աթայում ստորագրված հայտնի հռչակագիրը։ Հենց դրան է հղում կատարում վարչապետ Փաշինյանը՝ բացատրելով իր դիրքորոշումը եւ վկայակոչելով, որ Հայաստանի նախկին ղեկավարները, իբր, նույն կարծիքին են եղել, միայն վախեցել են այդ մասին բարձրաձայնել։ «Ընդհանրապես որեւէ մեկի բանավոր հայտարարություններով առաջնորդվելը վատ սովորություն է դարձել։ Դրան է վերաբերում առաջին հերթին Ալմա Աթայի հռչակագրի եւ դրա դերի բացարձակ կեղծ, խեղաթյուրված ներկայացումը, որն այնուհետեւ կրկնեցին Շառլ Միշելը, Ժոզեպ Բորելը, Սերգեյ Լավրովը եւ այլն»,-NEWS.am-ին ասել է ՀՀ Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը:
Ադրբեջանը հռչակագրին միացել է շատ ավելի ուշ՝ 1993թ. սեպտեմբերի 24-ին։ Փաստաթղթում խոսք չկա խորհրդային հանրապետությունների սահմանների մասին։ Սակայն Հայաստանի իշխանությունները համառորեն փաստաթուղթը մեկնաբանում են որպես հղում խորհրդային սահմանների ճանաչմանը։ Այս գաղափարին ակտիվորեն աջակցել է ռուսական կողմը՝ ի դեմս արտգործնախարար Սերգեյ Լավրովի, եւ արեւմտյան գործիչները։ Դժվար է պատկերացնել, որ նրանցից որեւէ մեկը ծանոթ չէ հռչակագրի տեքստին՝ «1991թ. սեպտեմբերի 2-ին, հիմնվելով «ԽՍՀՄ կազմից միութենական հանրապետությունների դուրս գալու հետ կապված հարցերի լուծման կարգի մասին» ԽՍՀՄ օրենքի վրա, ԼՂԻՄ-ի եւ Շահումյանի շրջանի բոլոր մակարդակների պատգամավորները հռչակեցից Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը (ԼՂՀ):
Ի պատասխան՝ Ադրբեջանը 1991թ. նոյեմբերի 26-ին ընդունում է «Ադրբեջանի Հանրապետության Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի վերացման մասին» օրենքը, որում 1923թ. ինքնավարության ստեղծումը որակվում է որպես «ադրբեջանական ժողովրդի ազգային շահերին հակասող գործոն»: Սակայն նոյեմբերի 28-ի այս որոշումը ԽՍՀՄ սահմանադրական վերահսկողության կոմիտեի կողմից ճանաչվել է որպես ԽՍՀՄ Սահմանադրությունը խախտող։ Քանի որ Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնավարությունը ժողովուրդների ինքնորոշման իրավունքի դրսեւորում էր, ապա ինչպես նրա վերացումը, այնպես էլ նրա վերափոխումները հնարավոր են միայն հենց ժողովրդի կամարտահայտությամբ: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում տեղի ունեցավ հանրաքվե:
Քվեարկելու իրավունք ունեցող 132 328 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 108 736-ը (82,2%), «կողմ» է քվեարկել 108 615-ը (քվեարկողների թվի 99,89%-ը): Այսինքն՝ Ալմա Աթայում հռչակագրի ստորագրման պահին Լեռնային Ղարաբաղն այլեւս Ադրբեջանի կազմում չէր։ Հենց այս դիրքորոշմամբ էին Հայաստանի նախորդ բոլոր ղեկավարները ճանաչում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Ինչպես հիշեցնում է Հայաստանի առաջին օմբուդսմենը, Արցախի ինքնորոշման իրավունքից հրաժարվելու ներկա գործընթացում հաշվի չի առնվել նաեւ Հայաստանի օրենսդրությունը։ Հիշեցնենք, որ Սահմանադրությունը հիմնված է անկախության մասին հռչակագրի վրա, որն ասում է. «Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը, արտահայտելով Հայաստանի ժողովրդի միասնական կամքը, գիտակցելով իր պատասխանատվությունը հայ ժողովրդի ճակատագրի համար համայն հայության իղձերի իրականացման եւ պատմական արդարության վերականգնման գործում, ելնելով Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի սկզբունքներից եւ միջազգային իրավունքի համընդհանուր ճանաչված նորմերից, կյանքի կոչելով ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը, հիմք ընդունելով Հայկական ԽՍՀ Գերագույն Խորհրդի եւ Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի 1989թ․ դեկտեմբերի 1-ի՝ «Հայկական ԽՍՀ-ի եւ Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» համատեղ որոշումը, զարգացնելով 1918թ․ մայիսի 28-ին ձեւավորված անկախ Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական ավանդույթները․․․»։
«Անվերջ ասում են՝ իսկ ի՞նչ անել, եթե արդնե Հայաստանը, նույնիսկ վարչապետը այս կամ հայտարարությունն է անում։
Այսինքն՝ Հայաստանին վերագրում են վարչապետի աթոռը զբաղեցնող անձի հայտարարությունները, ընդ որում՝ հղում են անում բանավոր հայտարարություններին։ Փաշինյանը Հայաստանը չի ներկայացնում այնքան ժամանակ, քանի դեռ դիմումները չեն ստացել գրավոր ձեւ, չեն անցել ԱԺ-ով, ՍԴ-ով եւ չեն ստորագրվել նախագահի կողմից: Բոլորը դա շատ լավ գիտեն։ Բայց մեր աչքի առաջ խոշոր տերությունները ձեւացնում են, թե այսօր ոչ թե ժամանակակից միջազգային իրավունքի եւ միջազգային հարաբերությունների վիճակն է, որի սկզբունքները, նպատակներն ու խնդիրները գրված են ՄԱԿ-ի Կանոնադրության մեջ, այլ կարծես 19-րդ դարն է, եւ բոլոր հարցերը լուծվում են Վիեննայի Կոնգրեսի կողմից, երբ ամեն ինչ որոշում էին երկրների ղեկավարները։ Սա ստոր վերաբերմունք է ինչպես միջազգային իրավունքի, այնպես էլ ողջ հայ ժողովրդի նկատմամբ։
Հատկապես վրդովվեցնում է ինչպես եվրոպացի, ռուս, այնպես էլ ամերիկացի գործիչների արձագանքը»,-ասսում է Ալավերդյանը։
Մինչդեռ Հայաստանի իշխանությունների կողմից Ադրբեջանին ուղղված կոչերը՝ ճանաչել ՀՀ տարածքային ամբողջականությունը 29 800 քառակուսի կիլոմտերի սահմաններում, նույնպես հարցեր են առաջացնում։ Ո՛չ Անկախության հռչակագրում, ո՛չ Սահմանադրության մեջ կոնկրետ մակերես չի նշվում, եւ բերված թիվն ակնհայտորեն հարաբերվում է ՀԽՍՀ տարածքի հետ: Բոլոր պաշտոնական կայքերում (կառավարություն, ԱԳՆ) նշված է այլ՝ ավելի փոքր թիվ՝ 29,74 հազար քառակուսի կիլոմետր: Այսպիսով, ո՞ւր մնացի այդ հարյուրավոր քառակուսի կիլոմետրերը:
Մարիամ Լեւինա