News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Այսօրվա մեր հանրահավաքի նպատակն է հասնել Նիկոլ Փաշինյանի հրաժարականին: Այս մասին, այսօր՝ փետրվարի 20-ին, Ազատության հրապարակում մեկնարկած «Միասին» շարժման հրավիրած հանրահավաքին հայտարարեց նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

Իրականում նրա ելույթի ձայնագրությունը միացրեցին, քանի որ Բագրատյանը անձնական պատճառներով Երեւանում չէ:

«Իրավիճակն այնպիսին է, որ կամ Փաշինյանը կգնա եւ այդ դեպքում Հանրապետությունը կմնա, կամ Փաշինյանը կմնա, այդ դեպքում հանրապետություն չենք ունենա: Տարեցտարի, օրեցօր, ամիս առ ամիս կտոր-կտոր Փաշինյանի կառավարությունը բզկտում է այս պետությունը, տալիս է հակառակորդին»,-ասաց նա:

Բագրատյանն աբսուրդային համարեց Փաշինյանի պնդումը, որ Հայաստանին պետք է փոխել Սահմանադրությունը,  մասնավորապես, այնտեղից հանել Անկախության հռչակագրի հիշատակումը. «Այդ Հռչակագրի կետերից մեկում ասվում է, որ Արցախի հարցում Հայաստանը ելնում է 1989 թվականի դեկտեմբերի 1-ի Հայաստանի Գերագույն խորհրդի եւ Արցախի ժողովրդական դեպուտատների խորհրդի վերամիավորման որոշումից: Մյուս կետն էլ ասում է, որ Հայաստանը սատար է կանգնում Օսմանյան Կայսրության մեջ հայերի ցեղասպանությանը, որը տեղի է ունեցել 1915-1918 թվականներին: Ալիեւը հրապարակ է նետել թեզը, որ եթե այդ փոփոխությունները չընդունենք, կստանանք պատերազմ: Փաշինյանն անընդհատ մանիպուլացնում է հասարակական կարծիքը, ասում բաներ, որոնք իրականությանը չեն համապատասխանում: Արդյունքում տեսնում ենք, որ իր խոստացած խաղաղությունը չկա, եւ իրավիճակն ավելի է խորանում:

Սկզբում ասում էր՝ Հադրութը հանձնել ենք, դրա դիմաց Ղարաբաղի համար ստանում ենք լավ կարգավիճակ: Հետո ասաց՝ Շուշին դժգույն քաղաք էր, Շուշին էլ հանձնեցինք, հիմա արդեն լավ կլինի, ապագա կա: Հետո ասաց՝ Արցախում ապագա կլինի, եթե Արցախը անկախությունից մի քայլ ցածր պահանջ դնի: Հետո ասաց՝ չէ, ի՞նչ պահանջ, Արցախը ընդհանրապես չպետք է լինի, պետք է լինի Ադրբեջանի կազմում: Իսկ 2023-ի մայիսին հայտարարեց, որ Ադրբեջանը 86 600 քկմ է, Արցախն էլ մեջն է»,- ասաց Հրանտ Բագրատյանը՝ հշեցնելով, որ բացի Արցախից Փաշինյանը բուն Հայաստանի տարածքից զիջել է 1400 քկմ տարածք: «Փաշինյանն ամեն անգամ մեղքը գցում այս ու այն կողմի վրա, մի անգամ չեղավ, որ վեր կենա, ասի՝ այս ամենի մեղավորը ես եմ եւ ՔՊ-ն»:

Անդրադառնալով Սահմանադրության փոփոխությանը, Բագրատյանն ասաց. «Փաշինյանն ասում է՝ մեզ պետք է հրաժարվենք Ցեղասպանությունից: 42 պետություն ճանաչել են Ցեղասպանությունը, դա մեր հիմքերի հիմքն է: Եթե թուրքերը զգան, որ դա մարսում են, երբ մենք ապերախտավարի բոլորին ասում ենք՝ դուք սխալ եք արել, որ ճանաչել եք, ստացվում է մի իրավիճակ, որ թուրքերը կասեն՝ իսկ ի՞նչն է մեզ խանգարում, որ մնացածն էլ ջնջենք: Բացի այն, որ նման քայլն անբարոյական է, մենք դրանով արդարացնում ենք ցեղասպանության փաստը:

Անկախության հռչակագիրն ընդունել է Գերագույն խորհուրդը, հիմա էլ ԱԺ-ն կարող է փոխել այդ տեքստը, բայց ոչ, Փաշինյանն ուզում է, որ դուք գնաք քվեարկեք: Հետո նա ասելու է՝ դա ես չէի, որ Ցեղասպանությունից հրաժարվել եմ, մեր ժողովուրդը հրաժարվել է:

Հաջորդը, եթե հրաժարվում ենք Արցախից, մտածելով, որ թեմա չտանք Ադրբեջանին, դրանով մենք արդարացնում ենք Ադրբեջանին եւ ասում՝ եղբայր, ինչ կարաս ուժով գրավիր: Այս անգամ էլ, որ զիջենք մենք խաղաղություն ստանալո՞ւ ենք: Ինչո՞ւ պետք է ստանանք: Խաղաղություն ստանալու համար ուժ է պետք, սեփական անվտանգությունը պաշտպանելու հզորություն»:

Բագրատյանի խոսքով, Սահմանադրության փոփոխության ժամանակ մի կետ էլ կմտցնեն, որ Հայաստանում օտարերկրյա բազաներ չպետք է լինեն, որի նպատակը Հայաստանից ռուսներին դուրս հանելն է. «Գուցե մենք սկսենք Հայաստանի դժբախտությունը փնտրել Փաշինյանի քաղաքականության մե՞ջ»,- ընդգծեց նախկին վարչապետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ