News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մոտ ապագայում կայցելի Վրաստան: Այդ մասին, նոյեմբերի 8-ին, «Ռուսթավի-2» հեռուստաընկերությանը հայտարարել է վրացական ԱԳՆ-ի ղեկավար Գրիգոլ Վաշաձեն:

Երկուշաբթի օրը Հայաստան կատարած աշխատանքային այցի շրջանակներում Վաշաձեն հանդիպել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ, հաղորդում է «Նովոստի Գրուզիան»:

«Որոշվել է, որ մոտ ապագայում Հայաստանի նախագահը կայցելի Վրաստան: Ինչ վերաբերում է գործընկերոջ հետ ունեցած հանդիպմանը, ապա մենք քննարկել ենք բազմաթիվ համաձայնագրեր, որոնք թարմացման կարիք ունեն»,-հայտարարել է Վաշաձեն` նշելով, որ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ քննարկվել են երկկողմ համագործակցության հետ կապված հարցեր:

Իր հերթին Հայաստանի նախագահը Վաշաձեի հետ կայացած հանդիպման ժամանակ նշել է, որ «Հայաստանի եւ Վրաստանի միջեւ հարաբերություններն ավելի են խորանում, ինչն ունի իր պատմական արդարացումը»:

«Երկու պետությունների միջեւ բարձր մակարդակով քաղաքական հարաբերությունները կանոնավոր բնույթ են կրում: Ես ուրախ եմ, որ շուտով միջկառավարական հանձնաժողով է կազմվելու: Հուսով եմ, որ մենք լավ արդյունքներ կգրանցենք տարբեր հարցերում: Ես ուրախ եմ, որ նախքան Թբիլիսի այց կատարելը հանդիպեցի Ձեզ հետ»,-նշել է Սարգսյանը:

Նշենք, որ ավելի վաղ վրացական լրատվամիջոցները տեղեկություններ էին տարածել, թե Սերժ Սարգսյանի այցը հետաձգվել է: Դրա համար, ըստ վրացական լրատվամիջոցների, պատճառ էր դարձել Միխայիլ Սահակաշվիլիի կողմից հայկական իշխանությունների հասցեին քննադատությունը: Սակայն նախօրեին աշխատանքայի այցով Երեւանում գտնվող Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն ժխտել է Հայաստանի նախագահի` Թբիլիսի նախատեսված այցը չեղյալ հայտարարելու մասին տարածված տեղեկությունները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ