«Ժառանգություն» խորհրդարանական խմբակցությունն այսօր` նոյեմբերի 14-ին, հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ` ԱԺ-ում շրջանառության մեջ դնելով «Գաղտնազերծման (լյուստրացիայի) մասին», «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Դատախազության մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Ոստիկանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ «Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:
«Ժառանգության» մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ սույն օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվում է իրավական սահմանում տալ լյուստրացիային` գաղտնազերծմանը, ամրագրելով այդ գործընթացի հաջորդականությունը: Օրենսդրական նախաձեռնության նպատակներն են. գաղտնազերծել մինչեւ 1991 թվականի սեպտեմբերի 21-ի Հայաստանի անկախության հանրաքվեն նախկին ԽՍՀՄ Պետական անվտանգության կոմիտեի, հետախուզական, հակահետախուզական, օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների կամ այլ երկրների հատուկ ծառայությունների հետ բացահայտ կամ գաղտնի հիմունքներով աշխատած կամ համագործակցած անձանց: Փաթեթի ընդունմամբ հնարավոր կլինի իրականացնել Հայաստանի օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանության, պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավար եւ այլ պաշտոններ զբաղեցնող անձանց գաղտնազերծումը, նրանց պաշտոնանկությունը, եթե վերջիններս նախկինում գաղտնի կամ բացահայտ համագործակցել են հատուկ ծառայությունների հետ, ինչպես նաեւ` կանխել այդպիսի անցյալով անձանց ղեկավար եւ այլ պաշտոններ զբաղեցնելու հավակնությունները: Նախատեսվում է գաղտնազերծման ենթակա պաշտոններ զբաղեցնող կամ դրանց հավակնող անձանց, ովքեր բացահայտվել կամ խոստովանել են հատուկ ծառայությունների հետ համագործակցության մասին, ինքնակամ (կամավոր) հրաժարվել զբաղեցրած պաշտոնից կամ դրան հավակնելուց: Եթե նրանց կողմից մերժվում է այդ առաջարկությունը, ապա հրապարակվում է այդ անձանց վերաբերյալ տեղեկատվությունը, ինչպես նաեւ` տվյալ անձի վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացնում է համապատասխան մարմնին` պաշտոնանկության, թեկնածության գրանցումը չեղյալ ճանաչելու առաջարկով:
«Գաղտնազերծման (լյուստրացիայի) մասին» ՀՀ օրենքի եւ հարակից մի շարք այլ օրենքների նախագծերի փաթեթի հետապնդած նպատակներն են` Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ոլորտը կարգավորող օրենսդրության հիմնարար դրույթների ու սկզբունքների իրականացումը պետության եւ հասարակության, մարդու եւ քաղաքացու իրավունքների, ազատությունների ու անձնական անվտանգության պաշտպանության նպատակով` ապահովելով նրանց պաշտպանվածությունը նախկին ԽՍՀՄ եւ օտարերկրյա հատուկ ծառայությունների հետ համագործակցած անձանցից, նրանց ներազդեցությունից, շանտաժից ու հավաքագրումից կամ անօրինական գործունեության մեջ ներգրավելուց եւ դրանց փորձերից:
Նախագծերի փաթեթը մշակելիս հաշվի են առնվել եւ վերլուծվել են սույն ոլորտում առկա միջազգային փորձը, մասնավորապես` Լիտվայի, Լեհաստանի, Վրաստանի, Չեխիայի, Սերբիայի, Գերմանիայի, Ռումինիայի, Ալբանիայի եւ Հունգարիայի օրենսդրությունները:




























