News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԱԺ «Ժառանգություն» խմբակցությունն օրենսդրական առաջարկություն է ներկայացրել` Հայաստանում գաղտնազերծում (լյուստրացիա) անցկացնելու մասին: Ներկայացված փաթեթով առաջարկվում է իրավական սահմանում տալ լյուստրացիային, ամրագրելով այդ գործընթացի հաջորդականությունը: Օրենսդրական նախաձեռնության նպատակներն են. գաղտնազերծել մինչեւ 1991թ. սեպտեմբերի 21-ի Հայաստանի անկախության հանրաքվեն նախկին ԽՍՀՄ Պետական անվտանգության կոմիտեի, հետախուզական, հակահետախուզական, օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների կամ այլ երկրների հատուկ ծառայությունների հետ բացահայտ կամ գաղտնի հիմունքներով աշխատած կամ համագործակցած անձանց:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց, որ «Լյուստրացիայի մասին» օրենքի նախագծով առաջարկվում է գաղտնազերծել այն երկրների հատուկ ծառայությունների, այդ թվում` նախկին ԽՍՀՄ ՊԱԿ-ի հետ գաղտնի համագործակցած անձանց եւ վարել նրանց ռեեստր:

«Նպատակն այն է, որ ստուգվեն օրենքում թվարկված պաշտոնները, այդ թվում` հանրապետության նախագահն իր ապարատի պաշտոններով, կառավարությունը` անդամներով եւ ղեկավար պաշտոններով, Ազգային Ժողովը` պատգամավորներով եւ անձնակազմի ղեկավար պաշտոններով, պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման բարձրագույն ղեկավար օղակները զբաղեցնող մարդկանց, նրանց կենսագրությունները, արդյոք համագործակցել են այլ երկրների հատուկ ծառայությունների հետ` գաղտնի կամ բացահայտ, եւ որից հետո պաշտոնանկություն սկսել այն գործիչների նկատմամբ, ովքեր ունեն այդպիսի կենսագրություն»,- նշեց Սաֆարյանը:

Վերջինիս խոսքով, պաշտոնանկության գործընթացը կարելի է իրականացնել երկու մեխանիզմով. «Եթե պաշտոնյան ինքնակամ է հեռանում, տեղեկատվությունը չի հրապարակվում, իսկ եթե հրաժարվում է դա անել, հրապարակվում է, եւ միջգերատեսչական հանձնաժողովը դիմում է համապատասխան մարմնին եւ պաշտոնանկության գործընթաց է սկսվում»:

«Բացի այն, որ պետական կառավարման մարմիններն են մաքրվում նախկինում օտար երկրների հատուկ ծառայությունների հետ համագործակցած անձանցից, այլեւ չի թույլատրվում, որ հետագայում այդպիսի անցյալով մարդիկ կարողանան հավակնել ընտրովի կամ նշանակովի պաշտոնների: Մեր ակնկալիքն այն է, որ սա նախ թույլ կտա մեր երկրում ընդունվող որոշումները զերծ պահել այլ երկրների շանտաժից, ազդեցությունից, այդպիսի անցյալով մարդկանց անօրինական գործողությունների մեջ ներգրավելուց: Սա զգալիորեն կնպաստի Հայաստանի ինքնիշխանության ամրապնդմանը: Մենք նաեւ այս տարիների ընթացքում շրջանառության մեջ դրված տարբեր կասկածներ, տարբեր վարկածներ ստուգելու հնարավորություն ենք ստանում, եւ հանիրավի զրպարտված անձինք կվերականգնեն իրենց բարի համբավը: Սա նաեւ կուժեղացնի ազգային անվտանգության ապահովումը»,- արձանագրեց Ստեփան Սաֆարյանը: Վերջինիս խոսքով, «Ժառանգությունը» կարեւոր է համարում սկսված քննարկումը, «հետխորհրդային շատ երկրներ դա արել են 90-ականների կեսերին, 2000-ականներին սկզբին, եւ կարողացել են արագ զարգացում ունենալ, քանի որ կտրել են հանցավոր պորտալարը, հետեւաբար Հայաստանում որքան էլ այս քայլն ուշացած, բայց անհրաժեշտ է, եւ պետք է արվի, եւ «Ժառանգությունը» ակնկալում է, որ օր առաջ սկսվի այս գործընթացը»:

Հարցին, հավատո՞ւմ են արդյոք իրենց հաջողությանը` հաշվի առնելով, որ նման անցյալ ունեցող անձինք կարող են բավական ազդեցիկ լինել եւ խոչընդոտել, Ստեփան Սաֆարյանը պատասխանեց. «Սա նաեւ ցույց կտա, թե ովքե՞ր են դիմադրում, ինչո՞ւ, եւ ինչո՞ւ չեն ցանկանում, որ բացահայտվեն երբեմնի գործակալները, որոնք հնարավոր է, որ այսօր էլ գործակալ են: Մենք առաջարկում ենք, որ մինչեւ 1991թ. սեպտեմբերի 21-ն ընկած ժամանակաշրջանի համար համաներում կիրառվի եւ այդ մարդիկ պաշտոններ չզբաղեցնեն, ապա դրանից հետո ընկած հատվածում, եթե շարունակվել է նրանց գործունեությունը, այս դեպքում գործ ունենք հայրենիքի դավաճանության, լրտեսության եւ այլ կարգի հանցագործությունների հետ: Եւ կտեսնենք, թե ով` ով է: Քննարկումները շատ բան ցույց կտան, դրանք լինելու են գաղտնազերծման առաջին փուլը»:

Պատգամավորի խոսքով, լյուստրացիան  բացարձակապես կապ չունի մեր հատուկ ծառայությունների գործակալների հետ: «Շատ հստակ նշվել է դա: Որեւէ կերպ դա չի առնչվում մեր հատուկ մարմինների գործակալներին: Լյուստրացիան գործ չունի քո երկրի գործակալների բացահայտման հետ, այլ գործ ունի այլ երկրների գործակալների բացահայտման հետ»,- հավաստեց Ստեփան Սաֆարյանը:

Ազգային Ժողովի հանրապետական պատգամավոր, իրավագիտության դոկտոր Ռաֆիկ Պետրոսյանն առանձնապես տեղյակ չէր ներկայացված օրինագծից, սակայն նշեց, որ հետխորհրդային երկրներում նման օրենքներ եղել են, Հայաստանում շատ խոսվել է, բայց չի արվել: «Հիմա կարելի  է դա անել, բայց հաշվի առնել, որ կարող են լինել պետական կամ ծառայողական գաղտնիքներ, որոնք կարող են վնասել Հայաստանի Հանրապետությանը: Բացի դրանցից մնացածը կարելի է բացահայտել, ինչո՞ւ ոչ: Պետք է բացահայտել այն չափով, որ չափով, որ վնաս չի պատճառի Հայաստանին: Ընդհանրապես գաղափարն ընդունելի է»,- նշեց պատգամավորը:

Հանրապետական մեկ այլ պատգամավոր, պետաիրավական հարցերի հանձնաժողովի անդամ Հովհաննես Սահակյանը, գնահատելով ընդդիմադիր գործընկերների ներկայացրած օրինագիծը, նշեց, որ այն դեռ չի քննարկվել պետաիրավական հարցերի հանձնաժողովում, օրենքին խորությամբ տեղյակ չէ : «Այնուամենայնիվ, եթե դրանով ցանկանում են PR անել, ինչ-ինչ խնդիրներ լուծել, կամ ինչ-որ հարցեր վերհանեն եւ արդյունքում քաղաքական դիվիդենտներ հավաքեն, լավ կլինի, որ նախ դրա քաղաքական գնահատականը տան եւ շարժառիթը, որ հասկանանք, թե ինչ է դա: Իսկ եթե ընդամենը գործընթաց է, որ պետք է աղմկահարույց, ժողովրդի հետաքրքրությունը շարժող օրինագիծ ներկայացնեն` այլ խնդիր է: Մենք պետություն ենք, եւ կան գործեր, գործընթացներ, փաստաթղթեր, քայլեր, որոնք գաղտնի են հենց պետության շահերից ելնելով, եւ ամեն ինչ գաղտնազերծելը, ցաքուցրիվ անելը չեմ կարծում, թե ճիշտ է: Բայց ավելի մասնագիտական պարզաբանում տանք, պետք է հասկանանք, թե ում է վերաբերելու այդ գաղտնազերծումը»,- նշեց Սահակյանը:

Դիտարկմանը, թե օրինագիծը վերաբերելու է միայն օտարերկրյա ծառայությունների հետ համագործակցած անձանց, Հովհաննես Սահակյանն ասաց. «Եթե Ստյոպա Սաֆարյանը գաղտնի ծառայությունների հետ աշխատել է եւ տեղեկություններ ունի, որ կան պաշտոնյաներ, որոնք կարող են մեղադրվել եւ պաշտոնները թողնել, լավ կլինի, որ ճիշտ եւ ուղիղ բացահայտի: Ժամանակին նա Վիկիլիքսի վերաբերյալ բացահայտումներ արեց: Հիմա եթե շարունակում է վիկիլիքսյան շարքը, մենք միայն կհետեւենք եւ կտանք գնահատականը»:

Պատմական ակնարկ.

Լյուստրացիա- լատին. Lustratio-մաքրում զոհաբերության միջոցով: Քաղաքական գրաքննության տարատեսակ, պրակտիկա, որ արտահայտվում է անձանց որոշակի շերտերի իրավունքների օրենսդրական սահմանափակմամբ, մասնավորապես` պետական պաշտոններ զբաղեցնելու, մասնագիտական գործունեությամբ զբաղվելու արգելքով, անձնական կյանքի անձեռնմխելիության սահմա նափակմամբ:

Հետխորհրդային տարածքում լյուստրացիա է իրականացվել մի ամբողջ շարք երկրներում` Լեհաստանում (1997), Չեխիայում (1991), Սլովակիայում, Գերմանիայում (1991), Հունգարիայում (1992), Բուլղարիայում (1992), Ալբանիայում (1995), Մերձբալթյան երեք երկրներում` Լատվիայում, Լիտվայում, Էստոնիայում (1995), նաեւ Վրաստանում (2010): Բոլոր այս երկրներում հատուկ օրենքներ էր ընդունվել «ապակոմունիզացիայի» կամ «լյուստրացիայի» մասին, համաձայն որոնց օտարերկրյա հատուկ ծառայությունների հետ համագործակցած անձինք պատիժներ էին կրում կամ տեւական ժամանակով զրկվում պետական ընտրովի ու նշանակովի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ