Moody’s միջազգային վարկանիշային գործակալությունը սպառնացել է նվազեցնել եվրոյի գոտու բոլոր երկրների վարկանիշը պարտքային ճգնաժամի խորացման եւ ֆինանսավորման հարցում բանկերի բարդությունների պատճառով:

Թեեւ գործակալությունը նախկին պես չի կանխատեսում եվրոյի գոտու երկրների զանգվածային սնանկություն, սակայն անգամ դա հաշվի առնելով վարկանիշների նվազեցումը լիովին հնարավոր է, գրում է «РБК daily»-ն:

Գործակալության փորձագետները կարծում են, որ ճգնաժամն առ այսօր չի հաղթահարվել «ինստիտուցիոնալ թերությունների պատճառով»: Նրանք հակված են այն կարծիքին, որ քաղաքական գործիչների ծրագրերը կյանքի են կոչվում շոկային իրադարձությունների շարքից հետո: Դա իր հերթին կարող է բերել նրան, որ եւս մի քանի երկիր զրկվեն կապիտալի շուկայում վերաֆինանսավորման հնարավորությունից եւ օգնության նոր ծրագրեր պահանջվեն, նախազգուշացրել է Moody’s-ը:

Նշենք, որ գործակալությունները ավելացնում են ճնշումը եվրոպական երկրների վրա: Անցած հինգշաբթի Fitch-ը առավելագույնս նվազեցրել է Պորտուգալիայի վարկանիշը, ուրբաթ` Moody’s-ն իջեցրել է Հունգարիայի, իսկ Standard & Poor’s-ը` Բելգիայի վարկանիշը: