Հայաստանի Հանրային հեռուստաընկերության «Առաջին լրատվականի» ավագ մեկնաբան, հեռուստալրագրող, Արտակ Հերիքյանն աշխատանքի է անցնելու «Արմենիա» հեռուստաընկերությունում` որպես լրատվական ծառայության ղեկավար: Այս տեղեկատվությունը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց Արտակ Հերիքյանը` հավելելով, որ «Առաջին լրատվականից» դուրս գալու համար դեկտեմբերի 2-ին դիմում է գրել, եւ «Արմենիա» հեռուստաընկերությում աշխատանքի կանցնի մոտ 10 օրվա ընթացքում:

Հարցին, թե ի՞նչը ստիպեց նրան թողնել «Առաջին լրատվականը», նա պատասխանեց, որ պարզապես 15 տարվա հեռուստատեսային աշխատանքի մեջ առաջին անգամ որոշել է ղեկավար պաշտոնում պատասխանատվություն վերցնել:

«Ես ցանկացած գործ սկսելուց, նախեւառաջ, մտածում եմ դրա լավ արդյունքի հասնելու մասին, հետո նոր աշխատավարձի»,- ասաց Արտակ Հերիքյանը:

«Արմենիա TV»-ի լրատվական թողարկման ներկա ղեկավար Վահե Ղազարյանը, Արտակ Հերիքյանի խոսքով, հեղինակային ծրագրեր է անելու, մնալու է ընդհանուր թիմի մեջ: Իսկ «Արմենիա» հեռուստաընկերության լրատվական ծրագրում, նրա խոսքով, սպասվում են մի շարք փոփոխություններ. «Հավակնոտ ծրագրեր ունենք, Հայաստանի համար նախադեպը չունեցող բազմաֆունկցիոնալ տաղավար, որը պետք է լցնենք բովանդակությամբ»,- նշեց նա:

Ի դեպ, Արտակ Հերիքյանը Հանրային հեռուստաընկերության լրատվական ծրագրում աշխատում է 1997թ եւ առաջին անգամ է փոխում իր աշխատավայրը:

Նշենք, որ ամռանը  Հ1-ից «Արմնյուզ» հեռուստաընկերություն է տեղափոխվել «Բանաձեւ» ընկեության ղեկավար Արտակ Ալեքսանյանն` իր թիմով:

Իսկ սեպտեմբերից «Շանթ» հեռուստաընկերության լրագրող եւ մեկնաբան, «Հորիզոն» եւ «Տեսակետ» ծրագրերի վարող Նվեր Մնացականյանը տեղափոխվել է Հայաստանի Հանրային հեռուստաընկերություն: