Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի նախընտրական կայքում ամենահեղինակավոր մաղթանքները եղել են նրա հրաժարականը պահանջող խնդրանքները:
«Վլադիմիր Վլադիմիրովիչ առաջարկում եմ իրավիճակը չհասցնել հեղափոխության եւ հրաժարական տալ վարչապետի պաշտոնից, ինչպես նաեւ հանել թեկնածությունը, որն առաջադրել եք ՌԴ նախագահի պաշտոնի համար»,-գրում է Սվետլանա Սարոկինա անունով օգտվողներից մեկը:
«Համառորեն առաջարկում եմ Ձեզ հանել Ձեր թեկնածությունը նախագահական ընտրություններից: Ներկա պահին այդ քայլը կլինի լավագույնը, որը Դուք կարող եք անել երկրի համար: Փաստարկը մեկն է` Ձեր ղեկավարության ներքո երկիրը չի զարգանում»,-գրում է մեկ այլ օգտվող, մեջբերում է ՅՈՒԳԱ.ռու-ն:
Նշենք, որ հունվարի 12-ին իր գործունեություն է սկսել ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի կայքը, որտեղ ներկայացված է նրա նախընտրական ծրագիրը 2012-ի ընտրությունների համար:



























