Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ավտոմեքենան ոստիկանության պարեկային ծառայությունը հատուկ պահպանվող տարածք չի տեղափոխել: Այս մասին NEWS.am–ին հայտնեցին ՆԳՆ–ից։

«Նշված մեքենան վարել են ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներով, ինչի վերաբերյալ կազմվել է արձանագրություն, և ժամանակ է տրվել մյուս խախտումը վերացնելու համար։

Մեքենան պահպանվող հատուկ տարածք չի տեղափոխվել»,- ասացին ՆԳՆ–ից։

Ավելի վաղ Գյումրու քաղաքապետարանի Ֆեյսբուքի պաշտոնական էջում հայտարարություն էր տարածվել, թե պարեկային ծառայության աշխատակիցները կանգնեցրել են քաղաքապետի ծառայողական ավտոմեքենան՝ նշելով, թե այն ունի տեխնիկական խնդիր, և որ մեքենան զրահապատ է, ենթակա չէ շահագործման սահմանված կարգով, ինչի հիման վրա նրանք պահանջել են այն քարշակով տեղափոխել ոստիկանության բաժին։