Ձյունը եւ սառնամանիքը կաթվածահար են արել Հին աշխարհի կյանքը: Բարդ իրավիճակ է Լեհաստանում, որտեղ մեկ օրում ցրտից յոթ մարդ է մահացել: Եվրոպայում հինգ օրվա ընթացքում սառնամանիքների պատճառով արդեն 80 մարդ է մահացել:

Ռեկորդային սառնամանիքներ են գրանցվել Բուլղարիայի հյուսիս-արեւելքում` Կնեժ քաղաքի շրջանում արդեն երկրորդ օրն է ջերմաստիճանը –29°С է: Այնտեղ արդեն երկրորդ շաբաթն է դպրոցները չեն գործում, տեղի գյուղերում տարեց մարդկանց մահերի մասին լուրեր են հաղորդվում:

Ռումինական ափի երկայնքով սառցակալել է Սեւ ծովը, ինչը խիստ հազվադեպ է պատահում:

Սառնամանիքին զուգահեռ, խնդիրներ է ստեղծում նաեւ ձյունը, որը հսկայական մակերեսով` Իտալիայի հարավից մինչեւ Թուրքիայի արեւելք, հանգեցրել է ավտոմոբիլային եւ օդային տրամսպորտի երթեւեկության ընդհատումների, ինչպես նաեւ ջրա- եւ էլեկտրամատակարարման խափանումների:

Իտալիայի կենտրոնական շրջաններում խոշոր բեռնատար մեքենաներին արգելվել է ճանապարհ դուրս գալ, հետաձգվել են իտալական ֆուտբոլային բարձրագույն լիգայի մի քանի ֆուտբոլային հանդիպումներ:

Հունաստանի հյուսիսում եւս դպրոցները փակվել են, այնտեղ –16°С սառնամանիքներ են գրանցվել:

Գերմանիայում ցրտից երկու կին են մահացել, նրանցից մեկն ընկել է ճամփեզրի առուն եւ սառել, մյուսը սառցակալած ճանապարհին կորցրել է մեքենայի կառավարումը:

Քնում են նաեւ կղզիները: Օրինակ Կորսիկայում տեղացած ձյան շերտը կազմում է 20 սմ:

Իսպանիայում երկրի իշխանությունները ինն ինքնավար շրջանների 17 նահանգներում տագնապի կարմիր եւ նարնջագույն մակարդակներ են ազդարարել: Դա պայմանավորված է ջերմաստիճանի խիստ նվազմամբ, անձրեւներով, ձյունով, քամիներով եւ ծովի ալեկոծություններով:

Ներկայիս սառնամանիքները բացատրվում են Սիբիրից եկած կայուն հակացիկլոնով, որն ընդգրկում է գրեթե ողջ Եվրոպան: Սպասվում է, որ սառնամանիքների գագաթնակետը կլինի շաբաթվա վերջին, հաղորդում է Euromag-ը: