Ոստիկանությունն անդրադարձել է Երեւանի Գարեգին Նժդեհի 35 շենքի 11 բնակարանում 101 անձանց հաշվառված լինելու փաստին եւ պարզաբանում ներկայացրել այդ կապակցությամբ:

Պարզաբանման մեջ, մասնավորապես, նշվում է.

«1. Ինչո՞ւ էր հարկավոր մեկ բնակարանում հաշվառել 101 մարդու: Արդյո՞ք հաշվառում իրականացնող ոստիկաններին դա տարօրինակ չէ՞ր թվացել:

101 քաղաքացիների հաշվառումը պետության եւ երրորդ անձանց համար իրավաբանական պարտավորություններ չի առաջացրել: Գործող օրենսդրությամբ՝ բնակելի տարածության սեփականատիրոջ իրավունքն է իր հասցեում հաշվառել այնքան մարդու, որքան ցանկանում է: ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ազատ է կատարելու այն, ինչն արգելված չէ օրենքով եւ չի խախտում այլոց իրավունքները եւ ազատությունները: Ոչ ոք չի կարող կրել պարտականություններ, որոնք սահմանված չեն օրենքով: Քանի դեռ «Բնակչության պետական ռեգիստրի մասին» ՀՀ օրենքով կամ այլ օրենքներով բնակելի տարածության սեփականատիրոջ համար հաշվառման սահմանափակումներ չեն նախատեսվել, ոստիկանությունը իրավասու չէ արգելելու հաշվառման գործողությունները:

2. Ինչպե՞ս պատահեց, որ արտերկրում բնակվող բնակարանի տերը մեկ օրում որոշեց, որ այլեւս չի ցանկանում հաշվառման մեջ թողնել հիշյալ 100 քաղաքացիներին:

Քանի որ փաստը ստացել էր հասարակական հնչեղություն եւ շրջանառության մեջ էին դրվել որոշ մեկնաբանություններ, սեփականատերը ցանկություն էր հայտնել այդ անձանց հանել հաշվառումից:

3. Ի՞նչ եղավ այդ 100 մարդու հետագա ճակատագիրը:

«Բնակչության պետական ռեգիստրի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասը յուրաքանչյուր բնակչին պարտավորեցնում է ռեգիստրը վարող մարմնին տրամադրել իր մշտական բնակության վայրի հասցեն: Եթե հաշվառումից հանված ՀՀ քաղաքացիները չեն կատարում օրենքով իրենց վրա դրված պարտականությունը, ապա կրում են ոչ իրավաչափ անգործության հետեւանքով անբարենպաստ հետեւանքների  առաջացման հնարավորության ռիսկը: Եթե քաղաքացու սուբյեկտիվ իրավունքների իրացումը հնարավոր է միայն բնակչության պետական ռեգիստրում հաշվառվելու պայմաններում, ապա քաղաքացիները պարտավոր են կրկին անգամ հաշվառման կանգնել ռեգիստրում:

Ընտրելու սահմանադրական իրավունքը իրացնելու համար հաշվառում չունեցող ՀՀ քաղաքացիները քվեարկությանը կարող են մասնակցել ՀՀ ընտրական օրենսգրքի   8-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով, համաձայն որի՝ Հայաստանի Հանրապետությունում հաշվառում չունեցող ընտրողները համապետական ընտրությունների ժամանակ քվեարկությանը մասնակցելու համար քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 7 օր առաջ անձնագրային ծառայություն են ներկայացնում դիմում` ընտրողների ցուցակում ընդգրկվելու մասին` նշելով քվեարկության օրը Հայաստանի Հանրապետությունում գտնվելու վայրի հասցեն: Անձնագրային ծառայությունը դիմումը ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, ընտրողին ընդգրկում է քվեարկության օրը Հայաստանի հանրապետությունում գտնվելու վայրի մոտակա ընտրական տեղամասի ընտրողների լրացուցիչ ցուցակում եւ այդ մասին նրան տրամադրում տեղեկանք:

Ավելացնենք նաեւ, որ փաստի առթիվ կատարվում է քննություն»: