Հայկական ծագումով ամերիկյան դետեկտիվ Սթիվ Կարագյոզյանը 150 հազար դոլար փոխհատուցում կստանա ազգային պատկանելության հողի վրա հետապնդումների համար:
Լոս Անջելեսի դատարանը Կարագյոզյանի գործով ապրիլի 5-ին վճիռ է կայացրել, հաղորդում է Glendale News-Press-ը:
«Դետեկտիվ Կարագյոզյանը բողոքներ է հղել մի քանի տարի: Ատենակալների վճիռը վկայում է, որ ղեկավարությունը պետք է անհապաղ կարգավորի տվյալ խնդիրը»,- ասել է դետեկտիվի փաստաբան Սոլոմոն Գրեսեն:
Նրա խոսքով, քաղաքի իշխանությունները միլիոնավոր դոլարներ են վատնել դատական ծախսերի համար: «Նրանք կարող էին ավելի քիչ ծախսել, եթե խնդիրը կարգավորած լինեին»,- ասել է նա:
Նշենք, որ սպա Սթիվ Կարագյոզյանը դատական հայց էր ներկայացրել Բըրբենք քաղաքի դատարան` հայտնելով, որ ենթարկվել է հետապնդումների եւ ոտնահարումների ազգային հողի վրա:



























