Պետեկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի եւ կրկնակի մաքսային հսկողության վարչության աշխատակիցները, Մեղրիի մաքսակետում հսկողության են ենթարկել Թեհրան-Երեւան ուղեւորային ավտոբուսով ժամանած ՀՀ քաղաքացի Զավեն Ստեփանյանին:

ՊԵԿ-ի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վերջինիս ճամպրուկում հայտնաբերվել է մետամֆետամին թմրամիջոց, որի ընդհանուր քաշը կազմել է 28 գրամ: Հիշեցնենք, որ մետամֆետամինի 1,5 գրամն արդեն իսկ ըստ ՀՀ Քրեական օրենսգրքի համարվում է առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց: Այս մասին հաղորդում է  ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը:

Իսկ Բավրայի մաքսակետում վարչության աշխատակիցները, իրացնելով օպերատիվ տեղեկությունը, Ստամբուլ-Երեւան երթուղու ավտոբուսի ուղեւոր, ՀՀ քաղաքացի Անդրանիկ Ղազարյանի մոտ հայտնաբերել են մաքսային հսկողությունից թաքցրած 211 գրամ ընդհանուր քաշով դեղին եւ սպիտակ ոսկյա զարդեր, որոնք ուղեւորը փորձում էր տեղափոխել` թաքցնելով կոշիկների մեջ:

Բագրատաշենի մաքսակետում էլ մաքսային հսկողության են ենթարկել Ստամբուլ-Երեւան երթուղով ժամանած ավտոբուսի ուղեւոր, ՀՀ քաղաքացի Անդրանիկ Մանուկյանի ուղեբեռը: Պարզվել է, որ Մանուկյանը, մաքսային հսկողությունից թաքցնելով, փորձում էր ներմուծել արծաթյա տարբեր տեսակի զարդեր, որոնց քաշը գերազանցում էր 1 կիլոգրամը:

Նշենք, որ 2011թ. ընթացքում ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի եւ կրկնակի մաքսային հսկողության վարչությունը կանխել է ոսկյա եւ արծաթե իրերի մաքսանենգության մի շարք դեպքեր, որոնցով փորձ է արվել հանրապետություն ներկրել ավելի քան 4 կգ չհայտարարագրված զարդեր: