Այսօր`ապրիլի 10-ին, ժամը 11:20-ին Շիրակի մարզային փրկարական վարչության դիսպետչերական կետում ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Եղնաջուր գյուղում Եղնաջուր գետի վարարման հետեւանքով ջուրը դուրս է եկել հունից եւ լցվում է բնակելի տարածքներ: Դեպքի վայր է մեկնել Ամասիա գյուղի հրշեջ փրկարական ջոկատի օպերատիվ խումբը:
NEWS.am-ի Շիրակի թղթակցի հետ զրույցում մարզային փրկարական վարչության պետ Մարատ Սարիբեկյանը նշեց, որ դա գյուղի միջով անցնող գետակ է, որն անցնում է Եղնաջուր եւ Գառնալիճ գյուղերի միջով: «Եղնաջուրի մոտ կա փոքր կամուրջ`4 մետր լայնությամբ, բքի հետեւանքով կամրջի տակ առաջացել է սառույցի խցանում եւ սառույցը ջրի ճանապարհը փակել էր»,-մանրամասնեց նա, հավելելով, որ այդ պատճառով էլ գետի ջուրը լցվել է Եղնաջուր գյուղի բնակիչ Նաիրի Հախվերդյանին պատկանող տուն:
Համայնքի ղեկավարի, բնակիչների եւ օպերատիվ խմբի օգնությամբ տեղում տաքացնելով հալեցրել են կամուրջի տակի սառույցը: «Բայց մինչեւ այդ, որպեսզի ջուրը տուն չլցվեր, տղաները փոխեցին գետի հունի ուղղությունը»,-ասաց է նա:




























