Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական  թատրոնում, ապրիլի 10-ին, տեղի է ունեցել «Վերածնունդ» միջազգային փառատոնի պաշտոնական բացումը: Միջոցառմանը ներկա են եղել առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, մշակույթի նախարար Հասմիկ Պեղոսյանը, «Փյունիկ» մարդկային ռեսուսների զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ` Լեւոն Սարգսյանը, Շիրակի մարզպետն ու Գյումրիի քաղաքապետը, Երեւանի պետական կոնսերվատորիայի ռեկտոր պրոֆեսոր Շահեն Շահինյանը,  ինչպես նաեւ  Գյումրու արվեստասեր հասարակությունը:

Փառատոնի բացումն ազդարարել է Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր  Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ: Պետական երիտասարդական նվագախումբը  արդեն երկրորդ անգամ  է, ինչ  ազդարարում է այս փառատոնի մեկնարկը:

«Այսօր Գյումրիում անցկացվում է միջազգային փառատոն, որում շատ կարեւորվում է  երիտասարդների մասնակցությունը: Եվ հատկանշական է, որ միջոցառմանը ոչ միայն մասնակցում են բազմաթիվ երիտասարդներ, այլեւ հենց  հանդիսատեսի մեծամասնությունն էլ երիտասարդներն են. որը մեկ անգամ  եւս ապացուցում  է  երիտասարդների դասական երաժշտության նկատմամբ անտարբեր չլինելը»,-ասել է դիրիժոր Սերգեյ Սմբատյանը: