«ՀԻՄԱ» երիտասարդական նախաձեռնությունն իր աջակցությունն է հայտնել Երեւանի թիվ 10 ընտրատարածքում ԱԺ պատգամավորի թեկնածու առաջադրված Նիկոլ Փաշինյանին եւ նշել, թե միայն Նիկոլի պես սկզբունքային գործիչների առկայության դեպքում հնարավոր է վերացնել ամենաթողության այս մթնոլորտը: «Մեր պայքարն անկասելի է, մեր հաղթանակն` անխուսափելի» կարգախոսն իրականություն դարձնելու համար թիվ 10 ընտրատարածքի յուրաքանչյուր բնակչի եւ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու սեփականությունը պետք է դարձնենք Նիկոլի «1+1+1+1…» բանաձեւը: Վստահ ենք, որ միայն անվերապահ նվիրման դեպքում նրա եւ մեր հաղթանակը կլինի անխուսափելի: Նիկոլի պայքարը մե´ր պայքարն է, Նիկոլի դատը` մե´ր դատն է, հետեւաբար` նրա հաղթանակներն էլ լինելու են մե´ր հաղթանակները: Մեր սկսած գործն ավարտին հասցնելու ժամանակը եկել է…",- նշել են «Հիմա»-ի պատասխանատուները:
Հիշեցնենք, որ ընտրությունները Երեւանի թիվ 10 ընտրատարածքում կայանալու են 2010թ հունվարի 10-ին: Պատգամավորի մանդատն այդ տարածքում թափուր էր մնացել գործարար Խաչատուր Սուքիասյանի հրաժարականից հետո։ Որպես պատգամավորի թեկնածու առաջադրվել են նաեւ քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանը, գլխավոր մարքսիստ Դավիթ Հակոբյանն ու Արա Սիմոնյանը՝ Ազգային Միաբանությունից:




























