2012թ. մայիսին Հայաստանի ազգային արխիվը Հայոց ցեղասպանության ականատեսների հիշողությունների եռահատորյակ կհրատարակի: Այդ մասին ապրիլի 16-ին լրագրողներին հայտնել է Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը:
Նրա խոսքով` գրքում ամփոփված կլինեն 1915 - 16թթ. Օսմանյան Թուրքիայի իրադարձությունների շարքային ականատեսների հուշերը: «Մեր նշած 1,5 միլիոն զոհերի թիկունքում ամեն մեկին չէ, որ տեսանելի է մարդկանց ճակատագրերը: Իսկ եթե մենք նկարագրենք մեկուկես միլիոն ընտանիքների վախճանը, իսկ նման հիշողություններ պահպանվել են, նման գիրքը շատ ավելին կտա ընթերցողին», – նշել է Վիրաբյանը: Եռահատոր աշխատանքը ընդհանուր «Մշտապատում»անվանումը կստանա:
«Մենք ցանկանում էինք հրատարակել 2015 թվականին` Ցեղասպանության հարյուրամյակին, սակայն, ի զարմանս մեր, մեզ հետ կապվեցին Մոսկվայի մեր մի քանի համերկրացիներ եւ առաջարկեցին իրենց օգնությունը: Շնորհիվ դրա մենք կարողացանք նախագիծն ավարտել այս տարի», – ասել է Վիրաբյանը:
Ըստ նրա` արխիվային փաստաթղթերի հրապարակումը հետագայում կշարունակվի. առանձին հատորներով կհրատարակվեն նաեւ դիվանագիտական ներկայացուցիչների զեկույցները` վատիկանյան նունցիայի, ԱՄՆ-ի դեսպանի եւ այլոց, այն ժամանակվա մամուլի հրապարակումները:




























