Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում վաղը` ապրիլի 17-ին, տեղի է ունենալու համալսարանի գիտական խորհրդի ընդլայնված եւ արտահերթ նիստը, որի շրջանակներում նախատեսվում է քննարկում  ՀՀ ԿԳՆ կողմից 12.04.2012 թ.-ին կազմված «Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի կրթական գործունեության նկատմամբ իրականացված վերահսկողության արդյունքների մասին» ակտի վերաբերյալ:

ԵՊԼՀ Մամլո ծառայությունից հայտնում են, որ նիստին հրավիրված են նաեւ ՀՀ ԿԳ նախարար պարոն Արմեն Աշոտյանը եւ նրա` 19.03.2012թ. N 190 Ա/Ք հրամանով ստեղծված վերահսկողություն իրականացնող հանձաժողովի անդամները:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի  հրամանով Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյանի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ՝  հայտարարվել է խիստ նկատողություն: Կարգապահական տուժը տրվել է այն բանի համար, որ վերջինս չի կատարել իր վերադասի հանձնարարականը, առանց հարգելի պատճառի բացակայել է երկրից,  ոչ պատշաճ կերպով է կատարել իր ծառայողական պարտականությունները:

Ի պատասխան Սուրեն Զոլյանը մեր թղթակցի հետ զրուցյում հայտարարել էր, թե Արմեն Աշոտյանի հրամանը կարող է հավակնել Գինեսի ռեկորդների գրքում հայտնվելուն: Նա դիմել է դատարան եւ համոզված է, որ դատարանն անվավեր կհայտարարի այս անհեթեթ հրամանը: Ռեկտորը դիմելու է նաեւ վարչապետին, որպեսզի նա նախ վերացնի նշված հրամանը  եւ որոշի Արմեն Աշոտյանի  հետագա պաշտոնավարման նպատակահարմարությունը: