Տավուշի մարզի Չինարի գյուղի պաշտպանական դիրքերում մարտի 31-ին հակահետեւակային ականի պայթյունից ծանր վիրավորված երեք ժամկետային զինծառայողները շարունակում են մնալ հոսպիտալում եւ նրանց կյանքին այլեւս վտանգ չի սպառնում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՊՆ քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի ավագ սպա Մերի Սարգսյանը: Նրանից նաեւ տեղեկացանք, որ սույն գործով դեռեւս ներգրավված մեղադրյալներ չկան:
Հարկ է նկատել, որ տուժողներից երկուսը կենտրոնական հոսպիտալում են, իսկ շարքային զինծառայողը` Բերդի հոսպիտալում:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Տավուշի մարզի Չինարի գյուղի պաշտպանական դիրքերում մարտի 31-ին հակահետեւակային ականի պայթյունից ծանր վիրավորվել են երեք ժամկետային զինծառայողներ: «Թեեւ արգելվում է այդ հատվածում քայլել, քանի որ տարածքն ականապատ է, այնուամենայնիվ, զինծառայողներն անհասկանալի պատճառներով բարձրացել են ականի վրա: Արդյունքում շարքային զինծառայողներ Խորեն Սարիբեկյանը, Հովհաննես Վարդանյանը եւ ավագ լեյտենանտ Մարատ Գրիգորյանը հոսպիտալացվել են: Զինծառայողներից մեկի ոտնաթաթը պոկվել էր, վերջինիս վիրահատել են զինվորական հոսպիտալում: Դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ 365 հոդվածի 1-ին մասով` մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը:




























