Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ համագործակցության մասին խոսք անգամ չկա: Այդ մասին այսօր` ապրիլի 17-ին, Դիլիջանում հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը:

Լրագրողներից մեկի հարցին, թե ինչո՞ւ չի արձագանքում Տեր-Պետրոսյանի` համագործակցության մասին առաջարկին, Գագիկ Ծառուկյանն ասել է. «Համագործակցության մասին խոսք չկա, միակ համագործակցությունն ազատ, արդար ընտրություններ անցկացնելն է, որի համար համապատասխան փաստաթղթի տակ ենք ստորագրել»: Ըստ Ծառուկյանի, ԲՀԿ-ն պատրաստ է համագործակցել բոլոր ուժերի հետ, որոնք ազատ եւ արդար ընտրություններ են ցանկանում:

Դիտարկմանը, թե Լեւոն Տեր-Պետրոսյանը կոչ է անում, որ ԲՀԿ-ն լքի իշխող կոալիցիան, Ծառուկյանը պատասխանել է. «Լեւոն Տեր-Պետրոսյանը նման բան չի ասել»:

Իսկ միասնական շտաբի շուրջ «Ժառանգության» դիրքորոշման վերաբերյալ հարցին Ծառուկյանը պատասխանել է մեղադրանքով. «Դուք նայեք, թե «Ժառանգությունը» ում ուղղորդվածությամբ է շարժվում, ինքը թող ինքն իրեն մեղադրի»: