Թիվ 2 ընտրատարածքային հանձնաժողովը մերժել է պատգամավորության թեկնածու, ՀԱԿ ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանի դիմումը:
Այսօր` ապրիլի 17-ին թիվ 2 ԸԸՀ-ում տեղի է ունեցել հանձնաժողովի նիստ, որտեղ լսվել է նույն ընտրատարածքում ՀԱԿ-ի կողմից առաջադրված պատգամավորության մեծամասնական թեկնածու Վլադիմիր Կարապետյանի լիազոր ներկայացուցչի բողոքն ընդդեմ ՀՀԿ-ի կողմից առաջադրված Սամվել Ֆարմանյանի: Ապրիլի 14-ին Վ. Կարապետյանի լիազոր ներկայացուցիչ Պ. Հովակիմյանը դիմել էր թիվ 2 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողով՝ նշելով, որ թիվ 2 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով ՀՀԿ կողմից առաջադրված պատգամավորության թեկնածու Սամվել Ֆարմանյանը խախտել է ՀՀ Ընտրական օրեսգրքի 20-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջը: Համաձայն դիմումի, մասնավորապես 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ զանգվածների եւ Ջրվեժ թաղամասի բազմաբնակարան շենքերի պատերին փակցված են Սամվել Ֆարմանյանի երեք տասնյակից ավելի քարոզչական պաստառները: Դիմումում նաեւ նշված էր, որ ըստ «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 9-րդ կետի՝ ընդհանուր բաժնային սեփականության կառավարման հարցերով որոշումներն ընդունվում են շինության սեփականատերերի ձայների առնվազն երկու երրորդով, ինչն, այս դեպքում, բացակայում է:
Կողմերի փաստարկները լսելուց հետո թիվ 2 ԸԸՀ-ն որոշել է մերժել Վլադիմիր Կարապետյանի լիազոր ներկայացուցչի բողոքը: Ըստ Սամվել Ֆարմանյանի նախընտրական շտաբի, այս որոշումը հանձնաժողովը պատճառաբանեց հանգամանքով, որ թեկնածու Սամվել Ֆարմանյանը ստացել էր համատիրությունների եւ համայնքի ղեկավարի՝ օրենքով սահմանված համաձայնությունները եւ, հետեւաբար, ՀՀ ԸՕ 20-րդ հոդվածի 2-րդ մասի խախտման մասին խոսք անգամ լինել չի կարող:



























