Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Երեւանի քաղաքային ջերմատուն, որտեղ քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետը ներկայացրել է ԱՄՆ-ից ներկրված 34 միավոր նոր մեքենա-մեխանիզմները, մասնավորապես մինի-տրակտորներ, վակուումային տերեւ հավաքող տրակտորի կցորդներ, թուփ ձեւավորող մեքենաներ, ճյուղ մանրեցնող սարքեր եւ այլն, որոնք առավել արդյունավետ կդարձնեն մայրաքաղաքի կանաչապատման եւ կանաչ տարածքների խնամքի աշխատանքները: 2012 թվականի «Կանաչ Երեւան» ծրագիրի համար ներկրվել են նաեւ 150 խոտհնձիչ ու 10 միավոր՝ ծառեր սրսկող մեքենաներ: Դրանք իրենց նշանակությամբ եւ ֆունկցիոնալությամբ մի քանի անգամ արդյունավետ կդարձնեն «Կանաչ Երեւանի» բնապահպանական խնամքը:
«Այս ամենը մեր կողմից հռչակված «Կանաչ Երեւան» ծրագրի շրջանակում է իրականացվում եւ վստահեցնում եմ, որ կարճ ժամանակ անց բոլորիս տեսանելի կլինեն այս ծրագրով իրականացվող աշխատանքների արդյունքները: Ի դեպ, այս տարի առաջին անգամ Երեւանում տնկվող ծաղիկների գրեթե կեսը ստացել ենք մեր ուժերով` ջերմոցում»,- նշել է Տարոն Մարգարյանը:
Քաղաքապետը շրջել է նաեւ ջերմատան ծառերի տնկարանում եւ ջերմոցներում. այստեղ 600.000 ծաղկասածիլներ են աճեցվում, որոնք առաջին խմբաքանակն են եւ առաջիկա 10 օրերին տեղափոխվելու են սիզամարգեր: Ի դեպ, այս տարի շուրջ 1 մլն 800 հազար ծաղիկներ են տնկվելու մայրաքաղաքի կանաչ տարածքներում, այդ թվում զբոսայգիներում, պուրակներում, մայթերի սիզամարգերում: Այդպիսով, ծաղկապատման ծավալը նախորդ տարվա համեմատ եռապատկվել է:



























