Վայքում երեխայի մահվան հերթական դեպքն է գրանցվել: Դեպքը տեղի է ունեցել Վայքի տարածաշրջանի Ազատեկ գյուղում, իսկ մահացածը 5 ամսական Սեդան է, ով ընտանիքի առաջնեկն է եղել: NEWS.am-ի այս տեղեկությունը հաստատեց նաեւ Վայոց ձորի մարզի Ազատեկ գյուղի գյուղապետ Սիրակ Հովսեփյանը: Վերջինս ասաց, որ այս պահին չի կարող ասել, երեխան կոնկրետ ինչից է մահացել, քանի որ կա երկու վարկած:
Նախ` այն, որ երեխան կեղծ կրուպով հիվանդ է եղել եւ, որ երեխայի մահը վրա է հասել պատվաստման արդյունքում: Գյուղապետը նաեւ նշեց, որ տվյալ ընտանիքը միջին սոցիալական պայմաններով ապրող ընտանիք է եղել:
Վայոց Ձորի մարզպետարանի Առողջապահության բաժնի պետ Արտաշես Գալստյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ իր ունեցած տեղեկատվությամբ երեխային երեկոյան պառկեցրել են քնելու եւ նա չի արթնացել: Առավոտյան ծնողները հայտնաբերել են, որ երեխան մահացած է: Դեպքը տեղի է ունեցել տանը:
«Հիմա դիահերձումն արված է եւ սպասում ենք պատասխանին, ինչից հետո նոր միայն պարզ կդառնա երեխայի մահը պատվաստման հետ է կապված, թե մեկ այլ խնդիր է: Իսկ փորձաքննության պատասխանները պարտավորված են տալ 40 օրվա ընթացքում»,- նշեց Արտաշես Գալստյանը:
Ինչ վերաբերում է կեղծ կրուպով է հիվանդությանը, Արտաշես Գալստյանն ասաց, որ դա դիֆթերիայի տարատեսակ է, երբ կոկորդը փակվում է:
Ի դեպ, Արտաշես Գալստյանը նշեց, որ պատվաստանյութը թարմ է եղել եւ պատվաստումը արվել է, ոչ միայն այդ երեխային, այլ բազմաթիվ երեխաների: Ավելին` պատվաստումը արվել է մահից 3-4 օր առաջ եւ եթե պատվաստանյութի հետ կապված խնդիր լիներ, այլ երեխաների մոտ էլ խնդիրներ կառաջանային:
Հարցին, թե արդյոք այս դեպքում դերակատարում չի՞ ունեցել այն հանգամանքը, որ երեխան միաժամանակ կեղծ կրուպով հիվանդությամբ է տառապել, նա արձագանքեց. «Հակազդեցությունը մեծ չէ, սակայն սպասենք փորձաքննության պատասխաններին»:




























