«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ՀԱԿ-ի եւ ԲՀԿ-ի համաձայնության մասին ոչինչ չի կարող ասել, քանի որ չկա նման բան: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ռուստամ Գասպարյանը` մեր խնդրանքով արձագանքելով Ռուբեն Հայրապետյանի այն հայտարարությանը, թե ՀԱԿ-ն իր քննադատության մեջ շրջանցում է ԲՀԿ-ին:

«Ես չեմ լսել ԲՀԿ-ում նման քննարկում, նման խնդիր առաջ չի քաշվել եւ նման զրույց չի եղել: Համաձայնության մասին ոչինչ չեմ կարող ասել, քանի որ չկա նման բան: Իսկ, եթե,  որեւէ  մի կուսակցություն կփորձի մեզ քննադատել, մենք կպատասխանենք իրենց քննադատությանը: Իսկ թե ինչի մեզ չեն քննադատում արդեն դա չքննադատողներից պետք է հարցնեք»,- ավելացրեց Ռուստամ Գասպարյանը:

Հարցին, թե իրենց չի՞ հետաքրքրել, թե ՀԱԿ-ը ԲՀԿ-ին չքննադատելով ինչ խնդիր է փորձում լուծել, նա արձագանքեց. «Դա իրենք պետք է ասեն, թե ինչի չեն քննադատում մեզ: Մենք որեւէ մեկի չենք քննադատել եւ որեւէ  մեկի հասցեին վատ մեկնաբանություններ չենք արել եւ, երեւի, դա է պատճառը, որ մեզ չեն քննադատում: Մենք բոլորին էլ հարգում ենք, բոլորին էլ ընդունում ենք եւ միաժամանակ ներկայացնում ենք մեզ»: