Սոցիալական կայքի միջոցով խաբեությամբ գումար կորզելու փաստի առթիվ հարուցված քրգործը, որը տեղի էր ունեցել Շիրակի մարզի բնակիչ Նաիրա Գյուլիջանյանի եւ Մեծ Բրիտանիայի քաղաքացի Մարկ Լիուենի միջեւ, կարելի է փակված համարել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Նաիրայի ամուսինը` Գոռ Ավետիսյանը:

«Փակվել լրիվ անցել գնացել է: Գործը փակված է եւ նորից վերքերը մի թարմացրեք, առանց այն էլ ընտանիքս սթրեսի մեջ է: Մեզ խաբել դրսից օգնություն էին առաջարկել ու գցել այս պատմության մեջ»,- ասաց Նաիրայի ամուսինը եւ նշեց, որ կխոսի, երբ գործը վերջնականապես փակվի:

Սույն գործով նախաքննությունը հանձնարարվել է ԱԱԾ քննչական վարչությանը, որտեղից նշեցին, որ նախաքննությունը շարունակվում է եւ նախաքննության գաղտնիությունից ելնելով ոչինչ չեն կարող ասել:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ոստիկանությանը սույն թվականի  ապրիլին  սոցիալական կայքի միջոցով խաբեությամբ գումար կորզելու դեպք է հայտնի դարձել, որը տեղի է ունեցել մի հայի ու բրիտանացու միջեւ: NEWS.am-ի աղբյուրների փոխանցմամբ, Հայաստանի ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում էլեկտրոնային փոստի միջոցով ստացվել է Մեծ Բրիտանիայի քաղաքացի Մարկ Լիուենի նամակն այն մասին, որ ինքը 2011 թ. սկզբին Match.com ծանոթությունների կայքի միջոցով ծանոթացել է ոմն Նաիրա Գյուլիջանյանի հետ, ով Անգլիա այցելելու եւ մտերմություն հաստատելու պատրվակով իրենից գումարներ է խնդրել: Moneygram դրամական համակարգի միջոցով Մարկ Լիուենը Նաիրա Գյուլիջանյանի անվամբ մաս-մաս փոխանցել է շուրջ 1.760 եվրո գումար, սակայն վերջինս չի կատարել խոստումը, խզել է կապերը իր հետ եւ խաբեությամբ տիրացել է նշված գումարներին: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ՀՀ-ում վերը նշված գումարները Գյումրի քաղաքի տարբեր բանկերից ստացել է Շիրակի մարզի բնակչուհի, 23-ամյա Նաիրա Գյուլիջանյանը:Պարզվել էր նաեւ, որ 2009 թ. Ն. Գյուլիջանյանի ամուսին 27-ամյա Գոռ Ավետիսյանի ազգական, ՌԴ Յոշկար-Օլա քաղաքում բնակվող Վարդան Պողոսյանը վերջիններիս առաջարկել է գումար վաստակել Ն. Գյուլիջանյանի անվամբ անհայտ անձանց կողմից կատարված դրամական փոխանցումները Հայաստանի բանկերից ստանալու եւ իր անվամբ ՌԴ փոխանցելու միջոցով: 2009 թ. կեսերից մինչեւ 2011 թ. սկիզբը Ն. Գյուլիջանյանը եւ Գ. Ավետիսյանը տարբեր անձանցից ստացել են ընդհանուր առմամբ շուրջ 20 հազար ԱՄՆ դոլարի դրամական փոխանցումներ, որից հետո համաձայն Վ. Պողոսյանի հետ նախնական պայմանավորվածության` վերցնելով 10 տոկոս իրենց մասնաբաժինը, ստացված գումարները Moneygram համակարգի միջոցով փոխանցել են ՌԴ Յոշկար-Օլա` Վ. Պողոսյանին` վերջինիս պահանջով դրանք երբեմն փոխարկելով այլ արտարժույթով (ռուսական ռուբլով): Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Ն. Գյուլիջանյանի կողմից Moneygram համակարգի միջոցով ստացված գումարները այլ արտարժույթով փոխարկել եւ ՌԴ Յոշկար-Օլա քաղաք` Վ. Պողոսյանին է փոխանցել նաեւ Ն.Գյուլիջանյանի սկեսուր` 53-ամյա Հրածին Ավետիսյանը: Վ.Պողոսյանին գումարները փոխանցվել են նաեւ «Զոլոտայա կորոնա» համակարգի միջոցով: Բացի այդ, Ն.Գյուլիջանյանի անվամբ գումարներ են փոխանցել նաեւ Հոլանդիայից` ոմն Գլասմաչեր Մարկուսը` 675 Եվրո եւ Մեծ Բրիտանիայից` ոմն Կլեուղ Ջոնը` 115 եվրո: Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն` քննչական ենթակայության հարցը լուծելու համար:

 

Պատրաստեց Տաթեւ Մեսրոպյանը