Բոստանային կուլտուրաները գյուղատնտեսության ամենաապրանքայնացված ճյուղն են` 95.2 % ապրանքայնության աստիճանով; Այդ մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակումից: Ապրանքայնության մակարդակը ցույց է տալիս, թե գյուղացին իր արտադրածի որ մասն է վաճառել (առանց բնամթերային փոխանակության): Հետեւաբար` ապրանքայնության աստիճանը բնորոշում է նաեւ եկամտաբերության մակարդակը:
Ապրանքայնության աստիճանով բոստանային կուլտուրաներին մի փոքր զիջում է խաղողը` 85.1 %, սակայն ի տարբերություն բոստանի` խաղողի ապրանքայնությունը 2011 թ. նվազել է 2010 թ. համեմատ:
Ապրանքայնության ամենացածր աստիճան ունեն հացահատիկային կուլտուրաները` 32.7%, սակայն նախորդ տարվա համեմատ այստեղ ապրանքայնությունն աճել է 5 տոկոսային կետով:
Ապրանքայնության բարձր մակարդակ (50 %-ից ավելի) ունեն նաեւ միսը` 79.8%, բանջարեղենը` 77.4 %, մեղրը` 63.6%: Ընդ որում` Արագածոտնի մարզում մեղրի ու մսի ապրանքայնությունը 90%-ի շրջանակներում է;
Ապրանքայնության ցածր մակարդակ (50%-ից ցածր) ունեն կարտոֆիլը, ձուն, բուրդը: Կաթի եւ պտուղների ապրանքայնությունը մոտ 50 % -ի շրջանակներում է:
2010 թ. համեմատ կուլտուրաների մեծ մասի ապրանքայնության աստիճանը բարձրացել է, բացի խաղողից ու ձվից: Ապրանքայնության ամենամեծ աճ տեղի է ունեցել պտղի մասով` 35%-ից բարձրացել է մինչեւ 52%:



























