Մենք  համախմբված ենք Գագիկ Ծառուկյանի շուրջ եւ գիտակցում ենք, որ նա անկասկած կաջակցի ու կպաշտպանի մեզ, իսկ այն մադիկ, ովքեր կփորձեն ոտնձգություններ անել մեր նկատմամբ, ամենարժանի արձագանքը կստանան: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԲՀԿ-ի համամասնական ցուցակում 19-րդ հորիզոնականը զբաղեցնող Վահան Բաբայանը: Վերջիս պատասխանեց մեր հարցերին, որոնք ներկայացնում ենք ստորեւ:

Պարոն Բաբայան Դուք հայտնվել եք ԲՀԿ-ի համամասնական ցուցակի 19-րդ հորիզոնականում: Ի՞նչ եք կարծում, Ձեր զբաղեցրած հորիզոնականը անցողի՞կ է, թե` ոչ:

Բնականաբար 19-ն էլ, 29-ն էլ, 39-ն էլ, ինչու ոչ, նաեւ 49-ն էլ անցողիկ եմ ես համարում, որովհետեւ դուք լավ գիտեք, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության վարկանիշն այսօր բոլոր կուսակցությունների վարկանիշից բարձր է: Մենք այսօր ունենք բավականաչափ ռեսուրս մեծ քանակությամբ ձայներ տանելու եւ ապագա խորհրդարանում ավելի մեծ ներկայություն ունենալու համար:

Ձեզ  ավելի հոգեհարազատ է  գործունեություն ծավալել խորհրդարանո՞ւմ, թե՞ գործադիրում:

Ես կարծում եմ մայիսի 6-ի ընտրություններից հետո մեր կուսակցության ղեկավարությունը որոշում կկայացնի համամասնական ցուցակում հայտնված գործիչների վերաբերյալ եւ ոնց կորոշի կուսակցության ղեկավարությունը ես պատրաստ եմ այդ ոլորտում աշխատել: Ինչ վերաբերում է ինձ, ես ինձ երկու ոլորտում էլ տեսնում  եմ:

Դիլիջանում Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ եթե որեւէ մեկը փորձի իր թիմակիցներին «կպնել», ուրեմն իրեն են կպնելու, նաեւ առաջարկել է, որ եթե նման հարց լինի, զանգեն, դիմեն: ԲՀԿ-ում կա՞ն գործիչներ, որոնց նեղացնելու փորձեր են արվել:

Նախընտրական քարոզարշավն իր էությամբ բավականաչափ լարված ժամանակահատված է բոլոր երկրներում, այդ թվում նաեւ Հայաստանում: Ես չեմ բացառում, որ կարող են լինել նմանատիպ դեպքեր, բայց նաեւ համոզված եմ, որ մեր կուսակցության ղեկավարն իրոք պատրաստ է անխտիր բոլոր կուսակցականների մեջքին կանգնել ու պաշտպանել: Եւ ամենարժանի արձագանքը կստանան այն մարդիկ, ովքեր կփորձեն ոտնձգություններ անել մեր նկատմամբ:

ԲՀԿ-ն բավականաչափ մեծ  վարկանիշ ունի այսօր եւ ունի ռեալ ընտրազանգված: Մեր ճանապարհը հաղթական է եւ ես չեմ կասկածում, որ մենք մայիսի 6-ին միասին հաղթանակ ենք տոնելու:

Ուզում ենք ասել, որ մեծամասնությո՞ւն եք կազմելու խորհրդարանում:

Մեր ձգտումն է ստանալ այնքան քվե, որքան, որ ժողովուրդը մեզ վստահելու է: Յուրաքանչյուր ձայն պահվելու է, յուրաքանչյուր ձայն պաշտպանվելու է: Եթե ժողովուրդն իր քվեն տա ԲՀԿ-ին, որեւէ մեկը թող չկասկածի, որ մեր կուսակցությունը պաշտպանելու է այդ ձայները եւ տեր է կանգնելու այդ գործընթացին:

Անընդհատ շեշտում եք Ծառուկյանի անձը, իսկ ահա ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանը կարծիք էր հայտնել, որ Վարդան Օսկանյանը ցանկանում է դառնալ ԲՀԿ ղեկավար, քանի որ կուսակցության ղեկավարին հարիր հայտարարություններ է անում: Հնարավո՞ր են նման փոփոխություններ առաջիկայում:

Ես կարծում եմ, որ Գագիկ Ծառուկյանի տեղը ոչ մի մարդ չի կարող զբաղեցնել  եւ ընդհանրապես չեմ էլ պատրաստվում մեկնաբանել Հովհաննես Սահակյանի ասածները: Ուղղակի Ձեզ կարող եմ ասել, որ մենք բոլորս համախմբված ենք եւ մարդ, եւ անհատ եւ քաղաքական եւ պետական գործիչ Գագիկ Ծառուկյանի շուրջը: 

Դուք Ձեր երիտասարդ տարիքում հասցրել եք մի քանի կուսակցություններ փոխել` «Հանրապետություն», ՄԻԱԿ, Երիտասարդական կուսակցություն, հիմա էլ ԲՀԿ-ում եք: Այդ ֆոնին ԲՀԿ-ի առավելությունները կառանձնացնե՞ք:

ԲՀԿ-ն տարբերվում է  առաջին հերթին իր ժողովրդականությամբ: Եթե ուշադիր նայեք, կտեսնեք, որ մեր հանրահավաքները շատ բազմամարդ են անցնում: Հազարավոր չկողմնորշված մարդիկ, ովքեր հույսը կորցրել էին մեր երկրի ապագայի նկատմամբ, այսօր հույսը կապում են ԲՀԿ-ի եւ Գագիկ Ծառուկյան անհատի հետ:

Իսկ  այդ ֆոնին ԲՀԿ-ն ի՞նչ թերություններ ունի:

Ես կարծում եմ, ո ր ավելի կոռեկտ է, որ այդ հարցին պապատասխանի ժողովուրդը, որովհետեւ մենք ասել ենք, որ մեր խոսքը գործ է եւ որպես կարգախոս մենք ընտրել ենք` «Հավատա, վստահիր, պահանջիր»-ը  ինչը շատ արդիական է: Այսօր հասարակությունը մեզ հավատում է եւ մենք չենք կասկածում, որ հասարակությունը մեզ վստահելու է եւ նաեւ չենք կասկածում, որ այդ նույն հասարակությունը նաեւ  պահանջելու է, որպեսզի բարեփոխումների արդյունքում մեր երկիրը կարողանա 1-2 քայլ առաջ անցնի եւ ժողովուրդն իր կաշվի վրա զգա այդ փոփոխությունը: Ի դեպ,  ԲՀԿ-ն բոլոր մյուս կուսակցություններից տարբերվում է նաեւ նրանով, որ ոչ թե ընտրությունից ընտրություն է ինչ-որ քայլեր կատարել, այլ ամենօրյա ռեժիմով:

Զրուցեց Տաթեւ Մեսրոպյանը