«Էրեբունի» պատմահանգիտական արգելոց-թանգարանում, այսօր` ապրիլի 18-ին, նշվել է Հուշարձանների եւ տեսարժան վայրերի միջազգային օրը` «Համաշխարհային ժառանգության հնագիտական վայրերը» ցուցահանդեսի բացմամբ: Այն այցելուին է ներկայացնում 15 երկրների 20 հնագիտական վայրեր, որոնք գրանցված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցուցակում: Ողջունելով ներկաներին` արգելոց-թանգարանի տնօրեն Գ. Գյուրջյանը մասնավորապես կարեւորել է Հայաստանի անդամակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոնվենցիային, որի 40-րդ տարեդարձը նշվում է այս տարի: Համաշխարհային ժառանգության կոնվենցիայի` որպես մշակութային բազմազանությունների խրախուսման արդյունավետ գործիքի մասին խոսեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործերով Հայաստանի ազգային հանձնաժողովի գլխավոր քարտուղար Վահրամ Կաժոյանը. նա նաեւ շեշտադրել է համաշխարհային ժառանգության պահպանության գործում տեղական համայնքների դերն ու կարեւորությունը: Միջոցառմանը ներկա ՀՀ Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը անդրադարձավ ժառանգության պահպանության պատասխանատվության խնդրին` նշելով «Մենք կհարատեւենք այնքան` որքան պահպանված կլինի եւ կհարատեւի մեր ժառանգությունը»:
Ժառանգության հայ պահապաններին շնորհավորել եւ ներկաներին ողջունել է Հայաստանում Հունաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Վասիլիկի Դիկիպուլոն: Նշելով, որ Հունաստանի մշակույթը դա աշխարհի մշակույթն է` նա կոչ է արել համատեղ ջանքերով նպաստել աշխարհի ժառանգության պահպանությանը:
«Համաշխարհային ժառանգության հնագիտական վայրերը» ցուցահանդեսը ներկայացնում է հնագիտական վայրեր Հունաստանից, Պերուից, Հունգարիայից, Գվատեմալայից, Իրանից, Թունիսից, Թուրքիայից, Նորվեգիայից, Ղազախստանից, Ճապոնիայից, Չինաստանից, Ֆինլանդիայից, Աֆղանստանից եւ Գերմանիայից: Ցուցադրությունը սկսվում է Զվարթնոցի հնավայրի ներկայացմամբ, որը 2000 թվականին գրանցվել Համաշխարհային ժառանգության ցուցակում:
Ցուցահանդեսի 1-ին այցելուներն այսօր «Ունիսոն» ՀԿ-ի անդամներն էին, որոնք թանգարան մուտք են գործել թանգարանի կողային ճակատից դեպի ցուցասրահ տանող նորակառույց թեքահարթակով: Կազմակերպության նախագահ Արմեն Ալավերդյանը տեղաշարժման սահմանափակ հնարավորություններ ունեցող մարդկանց անունից իր երախտագիտությունն է հայտնել Երեւանի քաղաքապետարանին եւ արգելոց-թանգարանին` մշակութային այս օջախն իրենց հասանելի դարձնելու համար: Թանգարանը հյուրընկալել էր նաեւ «Փարոս» կամերային երգչախմբին, որի համերգային ծրագիրն ավարտվեց «Էրեբունի Երեւան» երգով:
Ցուցահանդեսը կգործի մինչեւ 2012թ. սեպտեմբերի 1-ը:



























