Հայաստանի կրթության եւ գիտության նախարարությունը պարզաբանել է Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյանին աշխատանքից ազատելու նախարարի հրամանը:

Պարզաբանման մեջ ասվում է.

«Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան» պետական ոչ առեւտրային կազմակերպության գործադիր մարմնի ղեկավար՝ ռեկտոր Սուրեն Զոլյանի լիազորությունները դադարեցվել են եւ 2008 թվականի մարտի 17-ին նրա հետ կնքված, թիվ 134 աշխատանքային պայմանագիրը լուծվել է ՀՀ կրթության եւ գիտության նախարարի 2012 թվականի ապրիլի 17-ի 58-Ա1 հրամանով՝ «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի, 16-րդ հոդվածի 3-րդ մասի ժգ) կետի համաձայն: «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասի ժգ) կետը՝ «Գործադիր մարմնի պաշտոնում նշանակված կամ ընտրության արդյունքում գործադիր մարմնի պաշտոնում նշանակված անձի լիազորությունները դադարեցվում են իրավասու մարմնի որոշմամբ, եթե` մեկ տարվա ընթացքում օրենքի խախտման համար ենթարկվել է կրկնակի կարգապահական պատասխանատվության», հստակ սահմանում է, որ իրավասու մարմինը պարտադիր պետք է /այլ ոչ թե կարող է/ իր որոշմամբ դադարեցնի գործադիր մարմնի պաշտոնում նշանակված անձի լիազորությունները եթե` մեկ տարվա ընթացքում օրենքի խախտման համար ենթարկվել է կրկնակի կարգապահական պատասխանատվության, իսկ նույն օրենքի 15-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերի համաձայն՝ կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարին նշանակում եւ ազատում է (նրա լիազորությունները դադարում են) լիազորված պետական մարմինը, եթե հիմնադրի որոշմամբ կամ պետական կազմակերպության կանոնադրությամբ այլ բան նախատեսված չէ,  պետական կազմակերպության գործադիր մարմնի գործառույթներն իրականացնող անձի հետ կնքվում է պայմանագիր, որը հիմնադրի անունից ստորագրում է լիազորված պետական մարմնի ղեկավարը: Համաձայն ՀՀ կառավարութան 2002 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ 1929-Ն որոշման 3-րդ կետի՝ «Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան» պետական ոչ առեւտրային կազմակերպության կառավարման լիազորությունները վերապահվել են ՀՀ կրթության եւ գիտության նախարարությանը, իսկ համաձայն ՀՀ կառավարության 2008 թվականի մարտի 13-ի «Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան» պետական ոչ առեւտրային կազմակերպության ռեկտորի ընտրության արդյունքները հաստատելու մասին` թիվ 220-Ա որշման 2-րդ կետի ՀՀ կրթության եւ գիտության նախարարին է վերապահվել Ս. Զոլյանի հետ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել աշխատանքային պայմանագիր` 5 տարի ժամկետով: 2008 թվականի մարտի 17-ին` Գործատուի, ի դեմս Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանի, մի կողմից, եւ ռեկտոր Սուրեն Տիգրանի Զոլյան, մյուս կողմից, կնքվել է թիվ 134 աշխատանքային պայմանագիրը, որի ամբողջ բովանդակությամբ սահմանված է, որ գործատուն լիազորված պետական մարմինն է:

Ելնելով վերոգրյալից` անհերքելի փաստ է, որ ՀՀ կրթության եւ գիտության նախարարը հանդիսանում է Սուրեն Տիգրանի Զոլյանի գործատուն, հետեւաբար օրենքով սահմանված հիմքերի առկայության դեպքում պետք է դադարեցնի գործադիր մարմնի պաշտոնում նշանակված անձի լիազորությունները:

Ինչ վերաբերվում է օրենքով սահմանված հիմքի՝ «մեկ տարվա ընթացքում օրենքի խախտման համար ենթարկվել է կրկնակի կարգապահական պատասխանատվության» առկայությանը, ապա ՀՀ կրթության եւ գիտության նախարարի 2012 թվականի ապրիլի 6-ի 160-Ա եւ 2012 թվականի ապրիլի 17-ի  173-Ա հրամաններով, օրենքների խախտումների համար, Սուրեն Զոլյանի նկատմամբ կիրառվել է «խիստ նկատողություն» կարգապահական տույժը՝

ա. նախարարի 160-Ա հրամանի համաձայն Սուրեն Զոլյանը խախտել է «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերության եւ 6-րդ մասի պահանջները,

բ. նախարարի 173-Ա հրամանի համաձայն Սուրեն Զոլյանը խախտել է ՀՀ օրենքներով ուղղակի նախատեսված ՀՀ կառավարության որոշումները եւ նորմատիվ գերատեսչական իրավական ակտերը, հետեւաբար՝ օրենքները, ինչը հայտնաբերվել եւ արձանագրվել է ԵՊԼՀ-ում վերահսկողություն իրականացնող հանձնաժողովի կողմից:

Վերոգրյալը փաստում է, որ Սուրեն Զոլյանի լիազորությունները դադարեցնելու՝ օրենքով սահմանված հիմքի առկայությունը անհերքելի է: