Թիվ 11 ընտրատարածքում ինքնաառաջադրված  «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանի քարոզարշավն անցնում է նորմալ: Այսօր՝  ապրիլի 19-ին, Մանվել Եղիազարյանը լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ մոտ 4000 սկավառակներ են պատրաստել,  որտեղ պետք է լինի նրա խոսքը, վավերագրական կադրեր արցախյան ազատամարտից,  ինչպես նաեւ օրացույցներ կբաժանեն մարդկանց, «ուրիշ մեծ բաներ չեն անելու», դրանից հետո պատրաստվում են գնալ հանդիպել ժողովրդի հետ: Նա նշեց, որ չի վախենում պարտություն կրելուց, վախենում է գնալ եւ որեւէ բան փոխել չկարողանալուց:

NEWS.am-ի հարցին, թե անհավասար մրցակցային պայմաններ չե՞ն ստեղծվել այդ ընտրատարածքում, նա նշեց, որ դեռեւս որեւէ խոչընդոտ չի հանդիպել, պարզապես մյուս թեկնածուները կարողացել են մեծ գումարներ գտնել, պաստառներ փակցնել, իսկ ինքը՝ չի կարողացել եւ ցանկություն էլ չուներ: «Ինչ նկարի ժամանակ է, մեր ժողովրդի վիճակը տեսնում ենք, քիչ է մնում լաց լինենք: Մենք ոչ մուրաբա ենք բաժանելու, ոչ տասը հազար դրամ ենք տալու»,- նշեց նա:

Մեր մյուս հարցին, թե որպես պատերազմի մասնակից, չի՞ վիրավորվի, որ այդ ընտրատարածքում հաղթի գործարար Գրիգորի Մարգարյանը («Բելաջոյի Գրիշը»), Մանվել Եղիազարյանը բերեց Սպարտակի օրինակը եւ ասաց, որ «ժամանակի վրայով թռչել հնարավոր չէ, եւ եթե ինքը չհաղթի, կմտածի, որ չկարողացավ թռչել ժամանակի վրայով, իր հաղթելու ժամանակը չէր, գուցե վաղը կգա իր ժամանակը»:

Նրա տվյալները ցույց են տալիս, որ այդ ընտրատարածքում ոչ մի թեկնածու իրենից  առաջ չէ, իսկ իր պոտենցիալ մրցակիցը համարում է անօրինականությունը: