Հայաստանում սովորական է դարձել այն փաստը, որ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների եւ ընդհանրապես իշխանական բուրգում որոշակի դիրք ունեցող անձանց ավտոմեքենաների պետհամարանիշերը, հեռախոսահամարները պետք է կրկնվող թվեր լինեն, այսպես կոչված` «գոլդ համար» ունենան: Այդ մասին գրում է «Հայկական ժամանակը»:

«Սակայն, պարզվում է, համարների նկատմամբ Հայաստանի «էլիտայի» թուլությունը չի սահմանափակվում միայն պետհամարանիշերով եւ հեոախոսահամարներով, նրանց անձնագրերի սերիաների համարները նույնպես «գոլդ» են:

Կրկնվող թվերով սերիական համարով ՀՀ քաղաքացու անձնագիր ունենալու խնդրի շուրջ թերթը զրուցել է ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ Հովհաննես Քոչարյանի հետ: Ստորեւ ներկայացնում ենք նրա հետ հարցազրույցի մի հատված.


- Պարոն Քոչարյան, եթե որեւէ մեկն ուզում է կոնկրետ համարներով անձնագիր ունենալ, ինչպե՞ս է դա հնարավոր:


- Բացառված է: Նման ծառայություն մենք չենք մատուցում:

- Այդ դեպքում ինչպե՞ս է ստացվում, որ մարդկանց որոշակի խմբի անձնագրերում միշտ կրկնվող թվեր կամ զրոներ են:


- Ես աոաջին անգամ եմ լսում, որ նման բան կարող է հատուկ ծրագրավորված ձեւով լինել: Դա պատահականություն է, որ մարդկանց ձեռքին նման անձնագիր է հայտնվում: Ես արդեն չորս ամիս է այս պաշտոնում եմ, նման բան չեմ տեսել, որ հատուկ ինչ-որ համարներ լինեն:

- Հատկապես բարձրաստիճան պաշտոնյաների անձնագրերի սերիական համարները միշտ կրկնվող թվեր են, այսպես կոչված` «գոլդ համարներ»: Ինչպե՞ս է ստացվում, որ այդ «պատահականությունները» հիմնականում նրանց հետ է պատահում:

- Այդ հարցը պետք է ուղղեք այդ բարձրաստիճան պաշտոնյաներին: Ես չեմ կարող ասել:

- Բայց անձնագրերը ձեր վարչությունն է, չէ՞, տրամադրում:

-Հասկանում եմ: Բայց ես ասացի, որ բավական երկար ժամանակ է` ես այս պաշտոնում եմ եւ նման դեպքերի ականատես չեմ եղել: Կարծում եմ, շատ հին երեւույթի մասին է ձեր ասածը: Կարող եք ստուգել, դրանք հին բաներ են, մեր անձնագրային եւ վիզաների վարչությունը նման ծառայություններ չի մատուցում: Անձնագիրը քաղաքացիների ինքնությունը հաստատող փաստաթուղթ է եւ հանդիսանում է Հայաստանի Հանրապետության սեփականությունը եւ նման ձեւով չի կարող տրամադրվել քաղաքացուն, ինչպես, ասենք, ավտոմեքենաների պետհամարանիշերը»,- գրում է «Հայկական ժամանակ» թերթը: