Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի կողմից արված հայտարարությունը ու «վստահեցումներն» առնվազն անհեթեթ են: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից` անդրադառնալով Հմայակ Հովհաննիսյանի այն հայտարարությանը, թե Հայաստանի քաղաքագետների միության տարածքը ցանկանում են խլել, եւ այդ ամենի հետեւում կանգնած է Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը («Լիսկա»):

«ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը նշված տարածքի վերաբերյալ որեւէ «պայմանավորվածություն» որեւէ մեկի հետ երբեւէ չի ունեցել եւ չունի, ինչպես նաեւ առնչություն չունի այլ անձանց պայմանավորվածությունների հետ: Նշված տեղեկատվութjունը զրպարտություն է եւ բացարձակապես չի համապատասխանում իրականությանը»,- հայտնել են Սյունիքի մարզպետարանից:

Հիշեցնենք, որ այսօր` ապրիլի 20-ին լրագրողների հետ հանդիպմանը Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը նշել է, որ Հայաստանի քաղաքագետների միության տարածքը ցանկանում են խլել, եւ այդ ամենի ետեւում կանգնած է Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը: պատմել է ՀՔՄ-ին պատուհասած խնդիրների մասին: Ըստ Հովհաննիսյանի, դեռ հունվարին ինքը հանդիպել է «Հայհիդրոնախագծի»-ի բաժնետեր, ծագումով գորիսեցի Սենիկ Ջուլհակյանի հետ, ով առաջարկել է գնել միության տարածքը եւ նշել է, թե նույն շենքում գտնվող մյուս գրասենյակը` Արտաշես Գեղամյանի կուսակցության տարածքը արդեն ձեռք է բերել: «Սուրեն Խաչատրյանը` Լիսկան, արդեն Ազատության հրապարակի մատույցներում է: Սենիկ Ջուլհակյանի ետեւում Լիսկան է, ով եկել է այստեղ, շոյել պատերն ու ուզում է դիրքավորվել Երեւանի սրտում»,- նշել է Հովհաննիսյանը: Վերջինս նաեւ մտադիր է շարունակել իր պայքարը, սակայն ոչ դատական համակարգի միջոցով, քանի որ չի վստահում դատարաններին: