Հայաստանի քաղաքագետների միության տարածքը ցանկանում են խլել, եւ այդ ամենի ետեւում կանգնած է Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը: Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանն այսօր` ապրիլի 20-ին լրագրողների հետ հանդիպմանը պատմել է ՀՔՄ-ին պատուհասած խնդիրների մասին:

Ըստ Հովհաննիսյանի, դեռ հունվարին ինքը հանդիպել է «Հայհիդրոնախագծի»-ի բաժնետեր, ծագումով գորիսեցի Սենիկ Ջուլհակյանի հետ, ով առաջարկել է գնել միության տարածքը եւ նշել է, թե նույն շենքում գտնվող մյուս գրասենյակը` Արտաշես Գեղամյանի կուսակցության տարածքը արդեն ձեռք է բերել:

«Ինձ առաջարկեց գնել կամ վերցնել, ես այդպես էլ չհասկացա` ինչ է ուզում: Ես չհամաձայնեցի: Այդ խոսակցությունից հետո պարզվեց, որ Սենիկ Ջուլհակյանը գաղտնի ձայնագրել է, ինչի իրավունքը չունի»,- նշել է Հովհաննիսյանը եւ հավելել, որ այդ խոսակցությունից հետո վերեւից ջուր է սկսել թափվել գրասենյակի գլխին: Ըստ Հովհաննիսյանի, Ջուլհակյանին աջակցում է կառավարությունը, որը ՀՔՄ-ին իմպերատիվ տոնով առաջարկել է երեք օրում լքել տարածքը: Կառավարությունը հսկա այդ տարածքը, ըստ քաղաքագետի, օտարել է Սենիկ ջուլհակյանին պատկանող «Եվրոէներգո» ընկերությանը: Մարտի 1-ին կայացած որոշմամբ` «Հայհիդրոնախագիծ» ինստիտուտին օտարվել է 1900 քառակուսի մետր տարածք, ընդ որում նաեւ ընդհանուր տարածքները:

Հմայակ Հովհաննիսյանը նաեւ պարզել է, թե Չեխիայում նման ընկերություն գրանցված չէ, իսկ Ջուլհակյանի թիկունքում Սյունիքի մարզպետն է: «Սուրեն Խաչատրյանը` Լիսկան, արդեն Ազատության հրապարակի մատույցներում է: Սենիկ Ջուլհակյանի ետեւում Լիսկան է, ով եկել է այստեղ, շոյել պատերն ու ուզում է դիրքավորվել Երեւանի սրտում»,- նշել է Հովհաննիսյանը: Վերջինս նաեւ մտադիր է շարունակել իր պայքարը, սակայն ոչ դատական համակարգի միջոցով, քանի որ չի վստահում դատարաններին: