Հայաստանի արդարադատության նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ ավարտվել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից նոյեմբերի 27-ին կատարված փախուստի առթիվ նշանակված ծառայողական քննությունը:
Քրեակատարողական վարչության պետ, արդարադատության գեներալ-մայոր Աշոտ Գիզիրյանի հրամաններով, ծառայությունից ազատվել են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի պետը, ցմահ ազատազրկման դատապարտվածների պահպանության բաժնի պետը, գլխավոր մասնագետը, հերթապահ խմբի առաջին կարգի մասնագետը, անվտանգության ապահովման բաժնի երրորդ կարգի մասնագետը, երկու կրտսեր մասնագետներ:
Պաշտոնի իջեցում է կիրառվել պետի տեղակալի, հերթապահ խմբի պատասխանատուի, օպերատիվ բաժնի պետի, օպերատիվ բաժնի գլխավոր մասնագետի նկատմամբ: Խիստ նկատողություն է հայտարարվել ցմահ ազատազրկման դատապարտվածների պահպանության բաժնի երկու գլխավոր մասնագետի նկատմամբ:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 27-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ից փախուստի են դիմել զմահ ազատազրման դատապարտված Սողոմոն Քոչարյանն ու Մհեր Ենոքյանը, որոնք առ այսօր գտնվում են ազատության մեջ. Հետախուզական աշխատանքները դեռ արդյունք չեն տվել:




























