Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը դեկտեմբերի 8-ին հանդիպել է Մարդու իրավունքների հարցով Հայաստան-ԵՄ երկխոսության առաքելության հետ` ԵՄ նախագահող Շվեդիայի Մարդու իրավունքների հարցերով դեսպան Յան Աքսել Նորդլանդերի, ՀՀ-ում Շվեդիայի դեսպան Հանս Գուննար Ադենի, Եվրոպական հանձնաժողովի Արտաքին հարցերի տնօրինության Մարդու իրավունքների ստորաբաժանման տնօրեն Ռոլֆ Տիմանսի, ԵՄ արտաքին հարաբերությունների հարցերով գերագույն հանձնակատար Խ. Սոլանայի` մարդու իրավունքների գծով անձնական ներկայացուցիչ Ռիինա Կիոնկայի, Իսպանիայի Մարդու իրավունքների հարցերով դեսպան Սիլվիա Էսկոբարի եւ ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Ռաուլ դե Լուցենբերգերի մասնակցությամբ:

Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը մանրամասն անդրադարձ է եղել Հայաստանում մարդու իրավունքների վիճակին: Քննարկվել են Հայաստանում ներքաղաքական զարգացումները, ժողովրդավարության զարգացման ուղղությամբ առկա խոչընդոտները, նախագահական եւ Երեւանի ավագանու ընտրություններում տեղի ունեցած խախտումները: Հատուկ ուշադրություն է դարձվել Մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների ուսումնասիրող խորհրդարանական հանձնաժողովի եւ փաստահավաք խմբի գործունեությանը, տաս սպանությունների բացահայտման գործում առաջընթացի բացակայությանը: ՀՀ առաջին նախագահը նշել է, որ Հայաստանում քաղբանտարկյալների առկայությունը խոչընդոտ է երկրի բնականոն զարգացման, առկա մարտահրավերներին դիմագրավելու համար:

Լեւոն Տեր-Պետրոսյանը նաեւ ներկայացրել է Հայ ազգային կոնգրեսի դիրքորոշումը ՀՀ արտաքին քաղաքականության առանցքային խնդիրների վերաբերյալ:

Հանդիպմանը մասնակցել են Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի անդամներ Լեւոն Զուրաբյանը, Դավիթ Շահնազարյանը եւ Վրադիմիր Կարապետյանը: