Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Վենետիկի քաղաքապետ Ջորջիո Օրսոնիին, ով Հայաստան է այցելում առաջին անգամ «Երեւանը գրքի համաշխարհային մայրաքաղաք» միջոցառման շրջանակում:

Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը ներկա էր նաեւ Հայաստանում Իտալիայի դեսպան Բրունո Սկապինին:

«Ուրախ ենք ընդունելու Ձեզ, մանավանդ այն բանից հետո, երբ Վենետիկում երկու քաղաքների միջեւ համագործակցության համաձայնագիր ստորագրվեց: Կարծում եմ` դա նոր էջ է բացում մեր հարաբերություններում: Ցանկանում եմ Ձեզ հավաստիացնել, որ մենք դրանում խիստ շահագրգռված ենք: Կան բազմաթիվ ոլորտներ, որտեղ համագործակցության մեծ ներուժ ունենք, եւ կառավարությունը ջանքեր կգործադրի, որպեսզի այդ ներուժն իրացվի», - նշել է ՀՀ կառավարության ղեկավարը:

Վենետիկի քաղաքապետը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար` նշելով, որ քույր քաղաքներ դառնալու առաջնային նպատակներից է տնտեսական եւ մշակութային հարաբերությունների զարգացումը (2011 թ. դեկտեմբերին` ՀՀ նախագահի Իտալիա այցի շրջանակում Երեւանի եւ Վենետիկի քաղաքապետերն ստորագրել են երկու քաղաքների միջեւ համագործակցության համաձայնագիր):

Զրուցակիցները քննարկել են երկկողմ գործակցության զարգացման հնարավոր ուղղությունները: Տիգրան Սարգսյանը որպես հեռանկարային ոլորտներ առանձնացրել է զբոսաշրջությունը եւ տեքստիլ արդյունաբերությունը: Զբոսաշրջության զարգացման առումով կարեւորվել է օդային ուղիղ հաղորդակցության հաստատումը: Ջորջիո Օրսոնին նշել է, որ իրենք շահագրգռված են նշված բնագավառներում համագործակցության խորացմամբ եւ պատրաստ են իրենց փորձը կիսել:

Երկուստեք անհրաժեշտ է համարվել Հայաստանի եւ Իտալիայի միջեւ գործարար շփումների ընդլայնումն ու զարգացումը։ Այդ համատեքստում կողմերը ողջունել են այս տարի աշնանը Իտալիայում հայ-իտալական գործարար համաժողովի անցկացումը, ինչը հնարավորություն կտա քննարկել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ:

Հանդիպման ժամանակ անդրադարձ է եղել նաեւ երկու երկրների մշակութային դարավոր կապերի սերտացմանը: Այս առումով Վենետիկի քաղաքապետը նշել է, որ դրանում մեծ դեր են խաղացել Սուրբ Ղազար կղզում Մխիթարյան միաբանությունը եւ Մուրադ-Ռաֆայելյան վարժարանը որպես պատմական գիտակրթական կենտրոններ: Նա ընդգծել է, որ իրենք ջանք կգործադրեն այս կրթօջախների գործունեությունը վերսկսելու համար: