Շիրակի մարզում թեեւ վերջին տարիներին աննախադեպ մեծ ծավալի շինաշխատանքներ են իրականացվել, սակայն միայն Գյումրիում դեռեւս 4270 անօթեւան ընտանիքներ կան:

Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանը, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ երկրի նախագահի նախընտրական խոստումներում հնչել էր, որ 2013 թվականին պետք է աղետի գոտու բոլոր բնակավայրերում անօթեւան ընտանիքներն ունենան բնակարան: Այդ ծրագիրն իրականացնելու համար արդեն երրորդ տարին է ընթանում է մեծ բնակարանաշինական ծրագիր Շիրակի մարզում` Գյումրիում, Ախուրյանում, այս տարի նաեւ գյուղական համայնքներում:

«Դեռ 4270 ընտանիք կա անօթեւան, նրանք էլ այս տարի մինչեւ տարեվերջ կստանան բնակարաններ, Գյումրին կթոթափվի աղետի գոտի կոչվածից, այսինքն` մեր երկրի նախագահն ամբողջությամբ կատարեց իր նախընտրական խոստումը»,-հավելեց Ալբերտ Մարգարյանը:

Նշենք, որ բնակարանաշինական այս ծրագիրն իրականացնելու համար կառավարության կողմից 78 միլիարդ դրամ է հատկացվել Շիրակի ու Լոռիի մարզերին, որի առյուծի բաժինը Շիրակի մարզին է բաժին հասել:

Թեեւ Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետն ասում է, որ այս տարի բնակարան կստանան բոլոր անօթեւանները, բայց ինչպես պարզվեց, անօթեւան ընտանիքներից շատերին կտրվի միայն դրամական փոխհատուցում, որը համարժեք չէ բնակարանային արժեքին: Այս մասին փաստեց նաեւ Ալբերտ Մարգարյանը, նշելով. «Բացի ասածս թվից, եւս 400 բնակարանի կարիք կա մեր քաղաքում: Նախագահի հանձնարարականով, մինչեւ տարեվերջ  այդ բնակարանները շահագործման կհանձնվեն: Ասեմ, որ  այս ծրագրից չեն օգտվում մի խումբ, ովքեր բնակարաններ են կորցրել, ու ընտանիքի մի մասն արդեն ստացել է բնակարան, կապ չունի, որ դեռ անօթեւան են, նրանք կստանան դրամական փոխհատուցում, բայց իրենք, կառավարության որոշմամբ, բնակարան չեն ստանում, քանի որ մեկ կորցրած տանը փոխհատուցվում է համարժեք մեկ տուն, անկախ ընտանիքի անդամների թվից: Բնակարան ու փոխհատուցում չեն ստանում նաեւ ոչ բնակելի շենքերի, այսինքն սեփական տներ կորցնող ընտանիքների անդամները»:

Այսպիսով, Գյումրին կդադարի աղետի գոտի լինելուց, բայց դեռ կմնան ընտանիքներ` առանց կացարանների: