Վրաստանի տարբեր բանտերի 35 քաղբանտարկյալներ դեկտեմբերի 8-ին սկսել են նախազգուշական հացադուլ, որը կտեւի մինչեւ դեկտեբերի 10-ը:
Բանտարկյալները բանտերի ադմինիստրացիաներին այդ մասին հայտարարություն են հղել, սակայն ոչ բոլոր տեղերում են դրանք ընդունվել: Օրինակ, Ռուսթավիի բանտի 2-րդ գոտիում ղեկավարությունը չի գրանցել հացադուլը: «Նախկին քաղբանտարկյալները մարդու իրավունքների համար» հասարակական կազմակերպության անդամ, փաստաբան Գելա Նիկոլաշվիլին ասաց, որ հացադուլը նվիրված է Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվան, որը նշվում է դեկտեմբերի 10-ին:
Նիկոլաշվիլիի խոսքով, հացադուլ անելով` քաղբանտարկյալները ընդդիմանում են քաղաքական հայացքների համար մարդկանց պատասխանատվության ենթարկելու դեմ: Բանտարկյալները նաեւ պահանջում են, որ երկրի իշխանությունները հնարավորություն ընձեռեն իրենց հանդիպելու Եվրոպայի խորհրդի փորձագետների հետ:
Փաստաբանը չբացառեց, որ եթե բանտարկյալների պահանջները չբավարարվեն, ակցիային կմիանան նաեւ Վրաստանի իրավապաշտպան կազմակերպությունները: Վրաստանի ընդդիմության տեղեկություններով` ներկայումս Վրաստանում կա 65 քաղբանտարկյալ:
Հասանելի է
русский



























