Նորվեգացի ահաբեկիչ Անդերս Բրեյվիկը ներողություն է խնդրել Օսլոյում` կառավարական թաղամասի մոտ տեղի ունեցած պայթյունի զոհերի եւ տուժածների հարազատներից: Բրեյվիկը շարունակում է ցուցմունք տալ Օսլոյի դատարանում: Նա հրաժարվել է ներողություն խնդրել Ուտոյա կղզում Աշխատավորական կուսակցության սպանված 69 անդամների համար: Բրեյվիկն ասել է, թե այդ հանցագործությունը կատարել է քաղաքական դրդապատճառներով: Ըստ նրա` Ուտոյայում «գաղափարախոսական ճամբար» է եղել:
Բրեյվիկի խոսքով, իր կատարած ահաբեկչությունները բարբարոսության փոքրիկ ակտ են ավելի խոշոր բարբարոսությունը կանխելու նպատակով:
«Մարդ սպանելն ամենամեծ ծայրահեղությունն է, որ կարող է անել այլ մարդ: Դա հակասում է մարդկային բնույթին: Դա ավելի սարսափելի էր նրանց համար, ում ես որսում էի: Բայց դա բացարձակ անհրաժեշտություն էր»,- ասել է Բրեյվիկը, հաղորդում է Utro.ru-ն:
Ահաբեկիչը բոլորովին չի կասկածել, որ կղզում կենդանի դուրս չի գա, սակայն դա «նշանակություն չի ունեցել»; Նա նաեւ պատմել է, թե կղզում պատրաստվում էր հեռանալ «Սեսսնա» ինքնաթիռով, որ վարել սովորել է YouTube-ի տեսահոլովակով:




























