«Արեւլյան գործընկերության» շրջանակներում Ադրբեջանի հրաժարումը ծրագրով նախատեսված փոխգործակցությունից կարող է վտանգի տակ դնել ողջ ծրագրի հաջողությունը: Այդ մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը՝ ելույթ ունենալով դեկտեմբերի 8-ին Բրյուսելում կայացած ԵՄ «Արեւելյան գործընկերության» արտգործնախարարների առաջին հանդիպմանը:

Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Շվեդիայի ԱԳ նախարար, ԵՄ արտգործնախարարների խորհրդի նախագահ Կարլ Բիլդի նախագահությամբ անցած նիստին ներկա են եղել «Արեւելյան գործընկերություն» ծրագրում ընդգրկված պետությունների եւ ԵՄ անդամ երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները, Եվրոպական հանձնաժողովի եւ Եվրոպական խորհրդի, Եվրոպական խորհրդարանի բարձրաստիճան ներկայացուցիչներ:

Հայաստանի արտգործնախարարն իր ելույթում նշել է, թե Հայաստանը ձգտում է առավել ամրապնդել Եվրոպական Միության հետ հարաբերությունները:

Նախարար Նալբանդյանը կարեւորել է նաեւ «Արեւլյան գործընկերության» շրջանակներում տարածաշրջանային համագործակցությունը՝ ընդգծելով, որ Ադրբեջանի հրաժարումը ծրագրով նախատեսված փոխգործակցությունից կարող է վտանգի տակ դնել Գործընկերության հաջողությունը. «ԵՄ գործընկեր պետության կողմից նման վարքագիծը վարկաբեկում է համագործակցության բուն գաղափարը, իսկ մասնակից երկրների կողմից արձագանքի բացակայությունը էլ ավելի է այն արժեզրկում»;

Նշենք, որ հանդիպմանը որոշում է ընդունվել նախարարական հաջորդ նիստը անցկացնել 2010 թ. երկրորդ կեսին, իսկ 2011 թ.-ին` «Արեւելյան գործընկերության» հաջորդ գագաթնաժողովը: