ԱՄՆ-ը Իտալիային է վերադարձրել երկրից դուրս բերված 337 հնագույն արտեֆակտ՝ վերջին տարիների գողացված մշակութային արժեքների վերադարձի խոշորագույն գործողություններից մեկի շրջանակում։ Դրա մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով պաշտոնատար անձանց։

Վերադարձված առարկաների թվում են անտիկ հռոմեական և հունական քանդակներ, էտրուսկյան և եգիպտական ցուցանմուշներ։ Արտեֆակտները ներկայացվել են Իտալիայի կարաբիներների մշակութային ժառանգության պաշտպանության ստորաբաժանման կենտրոնակայանում՝ Նյու Յորքում և այլ վայրերում իրականացված հետաքննություններից հետո։

Իտալիայում ԱՄՆ դեսպան Թիլման Ջ. Ֆերտիտան հայտարարել է, որ Վաշինգտոնն աջակցում է մշակութային ժառանգության վերադարձման ջանքերին՝ ընդգծելով իտալական պատմության և մշակույթի նշանակությունը։

Առավել արժեքավոր վերադարձված իրերի թվում են. Ալեքսանդր Մակեդոնացու՝ մ.թ. I դարի մարմարե գլուխը, որը 1960 թվականին գողացվել էր Հռոմի թանգարաններից մեկից, բրոնզե քանդակ, Հերկուլանումից, եգիպտական արձաններ, մետաղադրամներ, զարդեր և ճարտարապետական բեկորներ, որոնք թվագրվում են մ.թ.ա. V դարից մինչև մ.թ. III դարն ընկած ժամանակահատվածով։

Իտալական իշխանությունները հայտարարել են, որ շատ ցուցանմուշներ ձեռք են բերվել անօրինական պեղումների հետևանքով կամ գողացվել են թանգարաններից, ինչից հետո հայտնվել են արվեստի միջազգային շուկաներում։

Իտալիայի մշակույթի նախարար Ալեսանդրո Ջուլին ընդգծել է, որ մշակութային ժառանգության պաշտպանությունը նշանակում է պատմական հիշողության և մշակութային ինքնության պահպանում։

Ավելի վաղ Իտալիան և ԱՄՆ-ը երկարաձգել էին համաձայնագիրը, որն ուժեղացնում է հնագիտական առարկաների ներկրման վերահսկողությունը և տեղեկությունների փոխանակումը՝ մշակութային արժեքների ապօրինի շրջանառության դեմ պայքարելու համար։