Հայաստանի Ազգային մրցունակության զեկույցը պատվիրված չէ ոչ ՀՀ էկոնոմիկայի նախարարության, ոչ էլ որեւէ այլ կազմակերպության կողմից: Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Տնտեսություն եւ արժեքներ» հետազոտական կենտրոնի նախագահ Մանուկ Հերգնյանը:

Հիշեցնենք, որ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանն այսօր հրավիրած ասուլիսում դժգոհություն էր հայտնել Ազգային մրցունակության զեկույցից` դրանում տեղեկատվական տեխնոլոգիաները չներառելու համար:

Մ. Հերգնյանի խոսքով` Ազգային մրցունակության զեկույցը պատրաստվում է բացառապես հետազոտական կենտրոնի նախաձեռնությամբ: 2009 թ. զեկույցն ամբողջությամբ նվիրված է եղել նորարարություններին եւ ՏՏ ոլորտին, կենտրոնը ներկայում էլ կարեւորում է ՏՏ-ի դերը տնտեսության զարգացման համար, սակայն յուրաքանչյուր տարի զեկույցը կազմելիս որոշակի տեսանկյունից է դիտարկվում մրցունակությունը: 2012 թ. զեկույցում հիմնական ուշադրությունը դարձվել է արտադրողականությանը եւ կառավարման պրակտիկաներին:

«PR-ի նպատակներից ելնելով չի կարելի ոչ պրոֆեսիոնալ հայտարարություններ անել, գոնե կարելի էր ուշադիր կարդալ, թե ինչ տեսանկյունից է վերլուծված մրցունակությունը: Ոլորտը համակարգող կազմակերպության ղեկավարի նմանատիպ հայտարարությունները անհարիր են բարձր տեխնոլոգիաների ոլորտի համար»,- ասաց Մ. Հերգնյանը:

Նշենք, որ ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը NEWS.am-ի հետ զրույցում ընդունեց, որ սխալվել է` ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը ներկայացնելով որպես Ազգային մրցունակության զեկույցի պատվիրատու: Սակայն ավելացրեց, որ նման կարեւոր զեկույցները ճիշտ կլիներ, եթե ուղղորդվեին էկոնոմիկայի նախարարության կողմից: